Աղբի խնդիրն Ախալքալաքում երբեք չի կորցնում իր արդիականությունը: Բացի նրանից, որ մունիցիպալիտետն աղբից համատարած ու կանոնավոր մաքրելու հարցում դեռ կան տեխնիկական խնդիրներ, դրան վերադրվում է նաեւ մտածողության առանձնահատկությունը: Ախալքալաքի բնակիչները, որոնք իրենց տներում մաքուր են, մեծ մասամբ չի հետևում քաղաքում և գյուղերում մաքրություն պահպանելու քաղաքացիական պատասխանատվությանը՝ գետնին թափելով աղբը նույնիսկ աղբարկղից մեկ քայլ այն կողմ։

Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց, որտեղ փոքրիկ պուրակ կա, մի կին է քայլում՝ ձեռքերում բռնած ճմրթված թուղթ, նա անցնում է աղբամանի կողքով, աղբը նետում իրենից մեկ մետր այն կողմ։ Իրավիճակի հանդեպ ոչ անտարբեր ականատեսների այն հարցին, թե ինչու է վերջինս աղբը չի նետել աղբամանի մեջ, այլ ուղիղ դրա կողքին, կինը պատասխանում է՝ «Եվ ի՞նչ»:

Ախալքալաքցիների շրջանում նման մոտեցումը հազվադեպ երևույթ չէ։ Շատերը կարծում են, որ կարելի է աղբը լցնել գետերը, քանի որ «ջուրը կտանի այն», կամ թողնել հենց բնության գրկում՝ զբոսախնջույքից հետո։ Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր հոգ են տանում շրջակա միջավայրի մասին և փորձում են հնարավորինս չաղտոտել այն։

Ժաննա Չոգանդարյանն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղից ակտիվիստ է, ով բնապահպանական տարբեր նախագծերի մասնակից է եղել, իսկ այժմ նմանատիպ նախագիծ է սկսում հենց ինքը՝ իր «Cool school» դպրոցի շրջանակներում։

«Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհի էկոլոգիան վատանում է, բնությունն ավելի շատ ուշադրության կարիք ունի, այս ամենը տեսնելով՝ ես որոշեցի, որ «Cool school»-ի շրջանակներում մենք պետք է ունենանք բնապահպանության մասին իրազեկող դասեր, այնուհետև ակտիվություններ, որոնք ներառում են տարբեր տարածքների մաքրում»,- ասում է Ժաննան:

Նա կարծում է, որ ոչ ֆորմալ կրթության գործընթացում այս թեմաների քննարկումը շատ կարևոր է, քանի որ դպրոցում, ֆորմալ կրթության շրջանակներում, երեխաները բավարար տեղեկատվություն չեն ստանա։

«Թրեյնինգների միջոցով, տարբեր միջոցառումների օգնությամբ երեխաները հասկանում են, թե ինչպես կարող են օգնել բարելավել բնության վիճակը, թեկուզև իրենց չնչին լումայով, որ պարզապես աղբը ոչ թե փողոց նետեն, այլ՝ աղբարկղ»,- մեկնաբանում է ակտիվիստը:

Ժաննան հավելում է, որ ամենամեծ խնդիրը, իր կարծիքով, տեղական մտածելակերպն է, մշակույթը, և միայն դրանից հետո՝ տեղեկատվության պակասը։

«Մարդը մտածում է՝ դե, էստեղ կգցեմ, ու անցնում է, շատերը չեն հասկանում, որ եթե բանանի կեղևը գցեն ծառի տակ, բնությանը վնաս չի հասցնի, բայց պլաստիկ շիշը կվնասի: Որոշների մոտ կարծիք է շրջանառվում նաև, որ միայն իրենց ջանքերով ոչինչ հնարավոր չէ փոխել, սակայն դա այդպես չէ՝ ինչքան շատ մարդիկ իմանան այս մասին, սկսեն իրենց ավելի պատասխանատու դրսևորել, այնքան ավելի է փոխվում իր միջավայրը, եթե այդ մարդը աղբը չշպրտի գետնին, ապա նրա ընկերն էլ, տեսնելով դա, այլևս այդպես չի անի, թեկուզ պարկեշտությունից ելնելով այդպես չի վարվի»,- ասում է Ժաննան:

«Հասարակ քաղաքացիները բոլորը լավ են վերաբերվում, մարդիկ կան, որ աղտոտում են, բայց նրանք էլ երեւի կփոխվեն։ 80 տոկոսն արդեն սովոր է, որ աղբարկղեր կան, աղբը պետք է աղբամանների մեջ գցել, փողոցները չաղտոտել։ Արևածաղկի սերմերի կեղևը առաջ թափում էին փողոցներում, իսկ հիմա՝ ոչ»,- մեկնաբանում է նա։

Վրաստանը երկար տարիներ փորձում է օրենսդրական մակարդակով պայքարել շրջակա միջավայրի աղտոտման դեմ՝ ընդունելով որոշ արգելող օրենքներ և կանոնակարգեր, որոնք գործնականում չեն իրականացվում։ Այսպիսով, պոլիէթիլենային տոպրակների արգելքի մասին օրենքը, շրջակա միջավայրն աղտոտելու համար մարդկանց տուգանելը և նմանատիպ մի շարք նորմեր գործնականում չեն կիրառվում։ Եվ, եթե բնակիչները խախտեն իրենց քաղաքացիական պատասխանատվությունը, ապա բնապահպանական խնդիրը միայն կսրվի։