Կորավիրուսային համաճարակի սկսվելուն և երկրում տնտեսական ճգնաժամին զուգընթաց, Վրաստանը փորձում է օգնել քաղաքացիներին և բիզնեսին «գոյատևել» այս իրավիճակում: Ծրագրեր են իրականացվում ֆիզիկական անձանց վարկերի մարման ժամկետները երկարացնելու և վնասակիր բիզնեսի վարկերը սուբսիդավորելու ուղղությամբ: Չնայած այս ծրագրերին և կառավարության կողմից ծախսված միլիոններին, ինչպես բնակիչները, այնպես էլ բանկերը միևնույն է կրել են վնաս:
2020 թվականի մարտից սկսած՝ Վրաստանը երեք ամիս շարունակ գործարկել է ամբողջական և անվերապահ լոքդաուն, որի պատճառը արագորեն տարածվող կորոնավիրուսային համավարակն էր:
Եթե որոշ դեպքերում հնարավոր էր աշխատել հեռավար ռեժիմով, ապա մնացած դեպքերում մարդիկ կանգնել էին եկամտի կորստի փաստի առաջ: Կառավարության կողմից քաղաքացիների առողջությունը պաշտպանելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն բավարար չէին, որպեսզի բնակչությունը, բացի սննդամթերք գնելուց և կոմունալ վճարումները կատարելուց, կարողանար մարել նաև մինչ այդ վերցված վարկերը:
Բիզնեսի որոշ ճյուղեր, որոնց համար խնդիրները դեռևս զգալի են, կանգնել են նաև սնանկության փաստի առջև: Հյուրանոցներն ու բիզնեսի բոլոր այլ տեսակները, որոնք քիչ թե շատ կախված են զբոսաշրջիկներից, կրկին եկամուտ չունեն:
Հակաճգնաժամային բանկային փաթեթ
2020 թ.-ի ապրիլի 24-ին կառավարությունը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ, որտեղ ուշադրություն է հրավիրվում.
– սոցիալական աջակցության (1,04 միլիարդ լարի) տրամադրման վրա,
– տնտեսական աճին (2.11 միլիարդ լարի) խթանելու վրա,
– համաճարակի դեմ պայքարելու համար առողջապահության համակարգի ամրապնդման (350 միլիոն լարի) վրա:
Ներդրվել են ոլորտային գործողությունների ծրագրեր, որոնք, մասնավորապես, ընդգրկում են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը: Բացի այդ, որոշ բանկեր հայտարարել են, որ իրենց հաճախորդները կարող են հետաձգել իրենց վարկերի վճարումները 3 ամսով:
Օգոստոսի 6-ին հայտարարվել էր լրացուցիչ միջոցառումների մասին: Կոմերցիոն բանկերին աջակցելու համար միջոցառումներ էին մտածել և իրականացրել: Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկել իրացվելիության (իր պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարումն ապահովելու բանկի կարողությունը) ապահովման ուղղությամբ: Կոմերցիոն բանկերը վարկառուներին մինչև երեք ամսով վերաֆինանսավորեցին վարկի հետաձգումը, ինչպես նաև վերակազմակերպեցին վարկերը բիզնեսի և ֆիզիկական անձանց համար, ովքեր ի վիճակի չէին մարել դրանք:
Պետական միջոցները ներդրվեցին և վարկա-երաշխիքային հիմնադրամի համակարգում, ինչը օգնում էր վնասակիր բիզնես սեկտորին՝ ինչպես վերակազմավորման, այնպես էլ նոր վարկեր ձեռք բերելու հարցում: Օգնությունը կայանում էր վարկի տոկոսների մի մասի սուբսիդավորման մեջ: Հակաճգնաժամային ծրագրի առաջին փուլում վարկային երաշխավորման ֆոնդ է մուտքագրվել 330 միլիոն լարի, ինչը հնարավորություն է տվել ապահովել 2 միլիարդ լարի վարկային պորտֆել` նոր, վերակազմավորված վարկերի գումարի 90%-ի և 30%-ի համար երաշխիքներով: Իսկ չորրորդ փուլում այս ծրագիրը շարունակեցին` ներդնելով ևս 100 միլիոն լարի:
Բանկերն ու մարդիկ
Այսպիսով, հակաճգնաժամային ծրագրի սկզբում կառավարության ամբիոնները բարձրաձայն հայտարարեցին, որ առևտրային (կոմերցիոն) բանկերը հաճախորդներին կտրամադրեն վարկերի եռամսյա արտոնյալ ժամանակահատված (հետաձգում), այն էլ առանց հավելավճարի: Վրաստանի ազգային բանկը զգալիորեն մեղմացրեց նորմատիվ պահանջները` վարկառուների համար վճարումների ժամկետների փոփոխման գործընթացում կոմերցիոն բանկերին առավելագույն ճկունություն տրամադրելու համար: Միկրոֆինանսական որոշ կազմակերպություններ նույնպես միացան այս նախաձեռնությանը:
Ներկայումս Վրաստանում գործում է 15 բանկ, որոնցից չորսը Ախալքալաքում են` «Վրաստանի բանկ», «Լիբերթի բանկ», «TBC բանկ» և «Ֆինկա բանկ»: Հնարավորություն կա նաև վարկեր վերցնել «Credo» միկրոֆինանսական կազմակերպությունից: Այն ժամանակ բանկերն ու միկրոֆինանսական կազմակերպությունները երկիմաստ արձագանք տվեցին: Ախալքալաքի բնակիչները ԶԼՄ-ների օգնությամբ ստացան հետեւյալ տեղեկությունները.
Finca բանկը հատուկ պայմաններ էր առաջարկել միայն այն հաճախորդներին, որոնց եկամուտներին և գործունեությանը երկրում տիրող իրավիճակը բացասական ազդեցություն էր ունեցել: Արտոնյալ ժամանակահատվածը չէր վերաբերվում գյուղատնտեսական վարկերին և ավտովարկերին, ինչպես նաև վարկային սահմանաչափի, օվերդրաֆտ (կարճաժամկետ բանկային վարկավորման հատուկ ձև է) բիզնես վարկատեսակին և ավանդներով տրամադրված վարկերին:Հատուկ արտոնյալ ժամանակահատվածն ինքնաբերաբար ակտիվացված չէր: Այն դեպքում, երբ հաճախորդը ստանում էր արտոնյալ ժամանակահատված, ապա ամսական վճարը մի փոքր ավելանում էր, քանի որ ինչպես ներկայացված է «Finca» բանկի հայտարարությունում, բանկը վարկի ժամկետի ընթացքում բաշխում է արտոնյալ ժամանակաշրջանում հաշվարկված տոկոսագումարները:
Credo միկրոֆինանսական կազմակերպությունը նույնպես հայտարարություն էր տարածել 3 ամսյա արտոնյալ ժամանակահատվածի վերաբերյալ։ Արտոնյալ ժամանակահատվածը վերաբերվում էր բանկի բոլոր այն հաճախորդներին, որոնց բիզնեսին կամ մասնավոր եկամտին լոքդաունը բացասաբար էր անդրադարձել: Արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու համար հաճախորդները պետք է անձամբ լրացնեին դիմումը: Սակայն արտոնյալ ժամանակահատվածից օգտվելը հաճախորդների համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր կստեղծեր, այդ իսկ պատճառով էլ բանկը հորդորում էր, որ հաճախորդները չհետաձգեին ժամկետը և ժամանակին վճարեին վարկերը։
«Վրաստան բանկ»-ը մարտի 13-ից, այն հաճախորդներին, որոնք պարտավոր են մարել վարկը, տալիս է հնարավորություն 3 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև հունիս, հետաձգել ամենամսյա վճարները: Այս պայմանները վերաբերվում են բոլոր տեսակի վարկերին՝ հիփոթեկային, սպառողական, ապառիկ, կրեդիտ քարտին: Վարկը մարվում է այն տարադրամով, որը որ հաճախորդը ստացել է վարկը: Բանկը պարտավորվել է ամբողջական տեղեկություն տրամադրել հաճախորներին: Եթե հաճախորդը ցանկություն չունի օգտվելու այս առաջարկությունից, հաղորդակցվելուց հետո, նա պետք է կապվի բանկիրի հետ, կամ զանգահարի տեղեկատվական կենտրոնին:
TBC Bank-ը որոշում էր կայացվել, ըստ որի բոլոր ֆիզիկական անձանց՝ միկրո, փոքր և միջին բիզնես վարկառուի, ինչպես նաև բոլոր խոշոր բիզնես վարկառուների, ովքեր աշխատում են սննդի արդյունաբերությունում, որը գտնվում է հասարակական տարածքում, առաջարկում էին վարկերի մարման զիջողական ժամկետ: Վարկերի մարման ժամկետների 3 ամսյա հետաձգումը վերաբերվում էր ինչպես հիմնական վարկային գումարին, այնպես էլ տոկոսադրույքին: Բանկը պարտավորվել էր արտոնությունների մասին ամբողջական տեղեկություն տրամադրել հաճախորներին:
Liberty Bank-ը նույնպես բոլոր ֆիզիկական անձանց, ովքեր ունեն վարկային պարտավորություններ, առաջարկել էր 3 ամիս զիջողական ժամկետ: Մարտի 13-ից առաջարկը տարածվում էր ինչպես պետական նպաստ ստացող անձանց, այնպես էլ հետագա 3 ամսվա ընթացքում բոլոր տեսակի սոցիալական նպաստ ստացողների համար վարկային վճարումների ծառայությունները ավտոմատ կերպով կհետաձգվեն: Բանկը պարտավորվել էր հաճախորներին անհատապես մանրամասն տեղեկություններ տրամադրել անհատույց նպաստների վերաբերյալ: Հաճախորդի ցանկության դեպքում, առաջարկությունը հնարավոր էր դադարեցնել:
Առաջին հայացքից, հասկանալի թվացյալ արտոնյալ առաջարկները, միևնույն է, չէին տալիս հաճախորդների բոլոր հարցերի պատասխանները: Բայց շատ բանկեր իրենց հաճախորդներին ծանուցում էին հիմնականում SMS-հաղորդագրությունների միջոցով: Այնուամենայնիվ, բարդ տնտեսական լեզվով գրված տեքստային հաղորդագրությունները դժվար էր ընկալել նույնիսկ այն մարդկանց, ում համար վրացերենը մայրենի լեզու է հանդիսանում: Դե իսկ Ջավախքի բնակիչները, ովքեր դեռ տառապում են պետական լեզվի չիմացությունից, ոչ միայն չէին կարող հասկանալ, որ, արտոնյալ ամիսների համար միևնույն է գանձումներ լինելու են, այլ նաև, որ եթե հետ չուղարկեն SMS մերժումը, ապա նրանք ինքնաբերաբար կներառվեն այս համակարգում:
«Ես չգիտեի, որ արտոնություններից հրաժարվելու համար պետք է բանկ դիմեի, և չէի կռահում, որ արտոնյալ ժամանակահատվածից հետո ավելի շատ գումար պետք է վճարեմ: Ճիշտ է, ես բանկից SMS ստացել եմ վրացերենով, բայց ուշադրություն չեմ դարձրել, որովհետև ես չգիտեմ լեզուն: Ես ամեն ամիս անխախտում վճարում էի ապառիկով ձեռք բերած տեխնիկայի դիմաց: Քանի որ ես աշխատում էի և արգելափակումը չէր ազդել իմ եկամտի վրա, ես հարկ չհամարեցի, որ պետք է հետաձգեմ վճարումը, բայց տարօրինակ էր, որ ես վճարում էի, իսկ պարտքը չէր մարվում և տեղափոխվում էր մյուս ամիս, հետո ես մտածեցի, որ քանի որ կա այդպիսի լավ հնարավորություն, ապա ինչու չօգտագործել այն: Ավելին, տեղեկատվության մեջ, որը հասանելի էր ինձ համար հավելյալ գումարի մասին խոսք էլ չկար: Բայց վերջում պարզվեց, որ ես վճարել եմ լրացուցիչ 40 թե 50 լարի: Չհասկացա ինչի համար, բայց վճարել եմ, քանի որ չեմ ուզում բանկի հետ խնդիրներ ունենալ», – պատմում է Ախալքալաքի բնակիչը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:
Փոխանցումները տարբեր էին` կախված վարկի ժամկետից, չափից և պայմաններից: Շատերը ենթադրում էին, որ հետաձգումը իրենց վարկերի վրա լրացուցիչ բեռ չի դառնա: Այնուամենայնիվ, նրանք շատ զարմացան, երբ արդյունքում վարկի գումարն ավելացավ:
«Բոլորը վարկերի բեռի տակ են: Նրանք մեզ ասացին, որ կդադարեցնենք վարկերը 6 ամսով, այս վեց ամիսների ընթացքում նրանք հաշվարկեցին և վերցրեցին լրացուցիչ գումար, տոկոսներ: Եթե մենք իմանայինք, որ նրանք մեզանից տոկոսներ են պահանջելու, մենք ինչ-որ կերպ ժամանակին կվճարեինք վարկերը և կմարեինք դրանք: Ուղղակի մեզ 6 ամիս հույս տվեցին, որ տոկոսներ չեն լինի, բայց երբ մենք գնացինք վճարելու, պարզվեց, որ տոկոսի տեսքով հավաքվել է հազարից ավել լարի, և սա այն գումարից զատ, որը մենք պետք է մարենք: Մենք խաբված ենք», – ասում է Ախալքալաքի բնակիչ Մարինե Խոդիկյանը:
Ֆիզիկական անձանց համեմատ՝ բիզնեսի համար այդ արտոնությունները ժամանակավոր էին և շահավետ: Այնուամենայնիվ, նրանց ստացած սուբսիդիաները, անշուշտ, ոչինչ են՝ համեմատած լոքդաունի և ճգնաժամի հասցված վնասների հետ:
«Ես հիմնական վարկը վճարել եմ, բայց կա տան գրավադրմամբ վարկ էլ, որը մենք հետաձգում ու հետաձգում ենք: Մենք կարողանում ենք վճարել յուրաքանչյուր չորս ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ: Արդեն երեք ամիս է չենք վճարել, դիմում ենք գրել և կրկին հետաձգել: Ես այլևս վարկեր չեմ վերցնելու, քանի որ վտանգի տակ ենք հայտնվել, երբ ես վարկը վերցնում էի, դոլարն արժեր 1,6 լարիից մի փոքր ավելի: Հետո այն աճեց 2,5, ապա աճեց ու աճեց, և ես շատ բան կորցրեցի դոլարի փոխարժեքից: Եթե կարողանայի աշխատել, բոլոր վարկերն արդեն մարած կլինեի», – ասում է գործարար Մնացական Հովհաննիսյանը:
Ինչպես բացատրում է բանկերի և վարկերի գծով փորձագետ Գիորգի Կղեփուլաձեն, արտոնությունները ձեռնտու են, եթե բացարձակապես գումար չունես վարկը մարելու համար: Բանն այն է, որ եթե վարկերը ժամանակին չես վճարում, տոկոսներին ու մայր գումարին ավելանում է նաեւ տույժերի չափը, որը, կախված է վարկի չափից, իսկ այն տարբեր է: Արտոնությունները նաև ավելացնում են գումարը, բայց հետաձգման հաշվին:
«Իրականում սա սպառողներին տվեց ժամանակ շահելու հնարավորություն: Քանի որ երկիրն ամբողջությամբ փակված էր, մարդիկ փող չունեին, ոմանք նույնիսկ սնունդ գնելու հնարավորություն չունեին, ավելորդ է խոսել վարկերը չմարելու մասին: Արտոնությունների վնասաբեր լինելն, իհարկե, կախված էր գումարից, վարկի չափից և ժամկետից», – բացատրում է «Հասարակություն և բանկեր» հասարակական կազմակերպության նախագահ Գիորգի Կղեփուլաձեն:
Այնուամենայնիվ, այն, ինչ որոշ բանկեր իրենց հաճախորդներին անպարզաբար ասել էին այն մասին, որ նրանք ստիպված կլինեն վճարել ավելի շատ, քան պայմանագրով նախատեսված վարկի գումարն է, Միջազգային տնտեսագիտական դպրոցի (ISET) ավագ գիտաշխատող Գիորգի Մժավանաձեն դա չի համարում խաբեություն:
«Երբ նրանք առաջարկում էին այս արտոնությունը, սպառողները գիտեին, որ եթե այս երեք ամիսները չվճարեին, ապա եթե այս ժամկետի երկարացում չլիներ, ամսական վճարը կբարձրանար, տոկոսադրույքը միևնույն է կաթում էր, բայց ես կարծում եմ, որ դա տեխնիկապես խաբեություն չի, թեև սա սպառողի իրազեկվածության ցածր մակարդակի մասին է խոսում: Իհարկե, կարելի էր հրաժարվել այս համակարգից», – ասում է Գիորգի Մժավանաձեն:
Made with Visme Infographic Maker
Ինչու են բանկերը վնասներ կրել
Որպեսզի բանկային համակարգը հաճախորդների համար ճգնաժամի և կառավարության կողմից ստացված արտոնությունների ֆոնին չփլուզվի, Վրաստանի ազգային բանկը ակտիվացրել է սվոպ գործառնությունները (ընթացիկ փոխարժեքով արտարժույթի առք կամ վաճառք («սփոթ» գործարք) միաժամանակ վաճառքի կամ գնման հետ նույն արժույթը կանխատեսվող առաջիկա փոխարժեքով («ֆորվարդ» գործարք): Այս գործողությունների նպատակը համակարգում իրացվելիության ռիսկի նվազեցումն է, որպեսզի իրացվելիության ռիսկը չդառնա խոչընդոտ տնտեսության ֆինանսավորման համար:
Իրացվելիությունը շուկայական գներին մոտ գներով ակտիվների արագ վաճառքի հնարավորությունն է:
200 մլն ԱՄՆ դոլարը բանկերին տրամադրվել է փոխանակման սկզբունքով` համամասնորեն նրանց շուկայական մասնաբաժնի: Բացի այդ, գերկենտրոնացումից խուսափելու համար մեկ հաստատության վրա սահմանվել է ընդհանուրի 25%-ոց շեմ, ինչը կբարձրացնի ավելի փոքր բանկերի համար ռեսուրսների հասանելիությունը: Փոխանակման գործարքների ժամկետը սահմանվել է 1 ամիս` հաջորդ 1 տարվա ամսական երկարացման իրավունքով: Բացի այդ, Վրաստանի ազգային բանկը ակտիվացրել է պահուստային համակարգի փոխանակման գործիքը:
«Երբ տնտեսական ճգնաժամ է, դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ բանկերին, մարդկանց և ձեռնարկատիրություններին: Ինչ վերաբերում է բանկերին, նրանք ունենում են կորուստներ, բայց դա միևնույն է ազդել է տնտեսական վիճակի վրա: Բանկերը կորուստներ ունեցան այն պատճառով, որ սպառողները հետաձգում էին վճարումները: Բայց հիմա սա non performing loans-ի (չաշխատող վարկեր) պատճառով է: Սրանք այն վարկեր են, որոնց համար մարդիկ ժամանակին չեն վճարել: Հիմնական պատճառը ճգնաժամն է և վճարումների հետաձգումը, եթե բանկերում ամսական ավանդները հետաձգել, իհարկե, բանկերը կկրեն կորուստներ», – բացատրում է «Հասարակություն և բանկեր» ՀԿ-ի նախագահ Գիորգի Կղեփուլաձեն:
Այլ գործոնների հետ մեկտեղ, բանկային համակարգի վնասների պատճառներից մեկը հնարավոր վարկային կորուստների պահուստների ավելացումն էր, որը կազմել է 1,2 միլիարդ լարի:
Բանկերը, վարկերը և հետևանքները
Փորձագետ Կղեփուլաձեի կարծիքով՝ բնակիչները դեռևս գումար չունեն և, բնականաբար, ցանկանում են վարկեր վերցնել, բայց ոչ այն չափով, որքան 2019 թվականին էր:
Իրացվելիությունը դա ակտիվների արագ վաճառքի հնարավորությունն է՝ շուկայականին մոտ գնով: Վրաստանի ազգային բանկի վիճակագրության համաձայն, կոմերցիոն բանկերի կողմից թողարկված վարկերի ծավալը, բացառությամբ միջբանկային վարկերի՝ 2020 թ.-ին միտումն աճում էր: 2020 թվականի փետրվարից մարտ ամիսներին վարկերի ծավալի աճը կազմել է շուրջ 10%, ապրիլ-հունիս ամիսներին ծավալների անկում է նկատվում: Ավելին, իրավաբանական անձինք ավելի շատ վարկեր են վերցրել արտարժույթով, իսկ ֆիզիկական անձինք՝ ավելի շատ լարիով: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Վրաստանում 2020 թվականի մարտին տրվել է 34,99 միլիարդ լարիի չափով վարկ: Իսկ Սամցխե-Ջավախքում, նույն ժամանակահատվածում, հատկացվել է 433 100 000 լարիի վարկ, այստեղից 372 400 000-ը վերցրել են ֆիզիկական անձինք, իսկ 60 680 000 լարին՝ իրավաբանական անձինք: Բայց եթե 2020 թ.-ին վարկերի ծավալի աճը պահպանվում էր ֆիզիկական անձանց համար, ապա իրավաբանական անձանց մոտ 2020 թ.-ի ընթացքում նկատվում է մշտական աճ և անկում:
Բոլոր բանկերը վնաս են կրել: Ըստ «Բիզնես Վրաստան» պորտալի, ընդհանուր առմամբ, սեպտեմբերին բանկերի ֆինանսական վիճակը բարելավվել է, մասնավորապես, եթե 2020 թ.-ի օգոստոսի դրությամբ բանկային համակարգի ընդհանուր վնասը կազմում էր 317 միլիարդ լարի, ապա սեպտեմբերին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 252 միլիոն լարի:
Համավարակը ազդել է մարդկանց կյանքի և պետությունների բոլոր ոլորտների վրա: Պետությունները սկսել են մտածել իրավիճակը «փրկելու» ծրագրեր, սակայն մինչ այժմ այն չի հաջողվել փրկել: Արդյունքում՝ բոլոր կողմերը հայտնվել են տուժողի կարգավիճակում:
Քրիստինե Մարաբյան