Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղի նորակառույց կամուրջը մեկ ամսից ավելի է շահագործման է հանձնվել: Բնակիչներն օգտվում են կամրջով։ Չնայած այն փաստին, որ նորակառույց կամուրջն արդեն օգտագործվում է, միևնույնն է կան բնակիչներ, որոնք օգտվում են հին կամրջից, որը մշակութային ժառանգության հուշարձան է հանդիսանում:

Ավտոմոբիլա-հետիոտնային կամրջի կառուցման նախագիծն իրականացվում էր պետական միջոցներով՝ տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Շինարարության էլեկտրոնային մրցույթը 584 350 լարիով հաղթել էր «Մշեն+» ՍՊԸ-ն, որից 49 218 լարին ներդրել էր մունիցիպալիտետը, իսկ 535 132-ը՝ պետությունը։

1

Հիմա նորաբաց կամրջի շուրջ ավազակույտեր են, փորձեցինք պարզել, թե ինչու չի մաքրվում տարածքը։ Քաղաքապետարանից Jnews-ին պարզաբանեցին.

«Կամուրջն արդեն բացվել է, ինչ վերաբերվում է ավազակույտերին, ապա դա եղել է գյուղացիների խնդրանքը, նախագծից դուրս կամրջի հարակից տարածքն ընդլայնել, որպեսզի ձմռանը վարորդները խուսափեն խնդիրներից, մեր ուժերով մենք դա պետք է իրականացնենք, պետք է ուղղենք այդ տարածքը և ընդարձակենք», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Նոր կամուրջը հնից 1 մ-ով բարձր է՝ 2,80 մ բարձրություն ունի և 5 մ լայնություն: Կամրջի մի կողմում կառուցվել է հետիոտների համար նախատեսված մայթ, երկու կողմից ցանկապատվել է, այն ասֆալտապատվել և միացվել է հիմնական ճանապարհին։

2

Նշենք, որ հին կամուրջը մշակութային ժառանգության հուշարձան է, դրա վերականգնման համար անհրաժեշտ է թույլտվություն, մեծ միջոցներ և շատ ժամանակ, ուստի տեղական իշխանությունները որոշել են նոր կամուրջ կառուցել, որպեսզի պատմական հուշարձանը վերջնականապես չփլվի։