Այսօր` հուլիսի 1-ին, Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում խաչի բացման և օրհության հանդիսավոր արարողություն է կատարվել:
Նախաձեռնության հեղինակները ծնունդով արագվացիներն են, որոնք ներկայումս բնակվում են Ռուսաստանում: Խաչի բացման հանդիսավոր արարողությանը գյուղի բնակիչներից բացի մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Իսկ օրհնության կարգը կատարել են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևորականները:
Ինչպես Jnews-ին հայտնեց Արագվայի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը, նախաձեռնության հեղինակները նաև 500 հատ հուշանվերեր են բաժանել հյուրերին ու գյուղացիներին: Հետաքրքրական է, որ հուշանվերների մի կողմում տերունական աղոթքն է գրված, իսկ մյուս կողմում խաչ է պատկերված:
Մետաղական մեծ խաչը տեղադրվել է Արագվա գյուղի տարածքում՝ բարձունքի վրա: Հանդիսավոր արարողությանը հաջորդել է համերգ՝ Ախալքալաքի Մշակույթի տան ներքո գործող «Ջավախք» համույթի և Հայաստանից հրավիրված երգիչների, մասնավորապես ծնունդով Արագվա գյուղից, հայտնի երգիչ Մասիս Հունանյանի մասնակցությամբ։ Ինչպես նաև բեմականացված ներկայացմամբ են հանդես եկել գյուղի դպրոցի աշակերտները:
Գյուղի բնակիչները երախտագիտություն են հայտնել հովանավորներին՝ բարի գործի համար: Արարողության ավարտին ներկաների համար մատաղի հյուրասիրություն է կազմակերպվել: