Լեհաստանում ընթանում է 2023 թվականի Եվրոպական խաղերը, որտեղ խաղարկվում են 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ախալքալաքցի բռնցքամարտիկներ Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանը մրցել են ուղեգրերի համար, սակայն չեն ստացել դրանք այս մրցումներում, բայց ևս երկու հնարավորություն ունեն՝ ձեռք բերելու բաղձալի ուղեգրերը:

Հունիսի 21-ից հուլիսի 2-ը Կրակովում անցկացվում են Եվրոպական խաղերը: Վրաստանի հավաքականի կազմում հաղթանակի համար պայքարել նաև Արտյոմ Յորդանյանն ու Արտյուշ Գոմցյանը:

Հունիսի 27-ին երկու մարզիկներն էլ մենամարտեր են ունեցել, որոնց արդյունքում Արտյոմ Յորդանյանը պարտվել էր մրցակցին ու դուրս մնացել հետագա պայքարից, իսկ Արտյուշ Գոմցյանը հաղթել էր ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Երեկ՝ հունիսի 28-ին, Արտյուշ Գոմցյանը մրցել է իսպանացի մարզիկի հետ և 4։1 հաշվով պարտվել մրցակցին։ Երկրպագուների և մասնագետների կարծիքով՝ իսպանացու հաղթանակը միանշանակ չէր, մինչև մենամարտի ավարտը վստահ էին Արտյուշ Գոմցյանի հաղթանակին, սակայն, մենամարտի արդյունքներով, հաստատվել է իսպանացու հաղթանակը։

Վրաստանի հավաքականի կազմում հանդես եկող ախալքալաքցի բռնցքամարտիկները 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ևս երկու փորձի հնարավորություն ունեն, ինչի մասին երազում են։ Նախատեսվում է ևս երկու միջազգային մրցույթ, որտեղ կրկին կխաղարկվեն Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Բռնցքամարտում խաղարկվում է 22 քվոտա տղամարդկանց և 22 քվոտա կանանց համար:

Կրակովում անցկացվող խաղերը պատմության մեջ երրորդ Եվրոպական խաղերն են։ Առաջինն անցկացվել է Բաքվում 2015 թվականին, երկրորդը՝ Մինսկում՝ 2019 թվականին: 48 երկրների 7000 մարզիկներ կպայքարեն 29 մարզաձևերում մրցանակների և ուղեգրերի համար: