Աշունը Ջավախքում միայն բերքահավաքի ու ցրտաշունչ օրերի նախապատրաստության ժամանակը չէ։ Այն նաև պահածոների սեզոնն է՝ մի շրջան, երբ Ախալքալաքի շուկայում բանջարեղենի գույներն ավելի են շատանում, իսկ տներում սկսվում է ձմռան համերը պահեստավորելու ավանդական աշխատանքը։
Ախալքալաքի շուկան այս օրերին աշնան գույներով է լցված։ Սեղաններին շարված են կարմիր պղպեղները, հասած լոլիկները, փայլուն սմբուկները, վարունգները, կաղամբը, գազարը, կանաչին ու ձմռան համար անհրաժեշտ մյուս բանջարեղենները։ Շուկա եկած ջավախքցի կանայք երկար կանգնում են վաճառասեղանների մոտ՝ ուշադիր զննելով բանջարեղենն ու մրգեղենը, համեմատելով գներն ու ընտրելով այն, ինչը պետք է առաջիկա ամիսներին հայտնվի իրենց մառաններում։
Սա այն ժամանակն է, երբ ամառան ու աշնան բերքը պետք է հասցնել «փակել» ձմռան համար։
Տնային պահածո պատրաստելը Ջավախքում պարզապես կենցաղային աշխատանք չէ։ Այն տարիների ընթացքում ձևավորված սովորույթ է, որը փոխանցվել է մայրերից ու տատիկներից։ Յուրաքանչյուր ընտանիք կարծես իր փոքրիկ գաղտնիքն ունի՝ մեկը նախընտրում է թթու վարունգի յուրահատուկ համը, մյուսը՝ կծու աջիկան, մեկ ուրիշը՝ սմբուկով կամ լոլիկով պատրաստված խառնուրդները։
Առավոտյան շուկայից տուն վերադարձած կանանց աշխատանքը նոր է սկսվում։ Գնումները դասավորվում են խոհանոցում, լվացվում, մաքրվում, կտրտվում, համեմվում։ Տանը տարածվում է քացախի, համեմունքների, եփվող բանջարեղենի ու թարմ կանաչու բույրը։ Սեղանին աստիճանաբար հայտնվում են ապակե տարաները, կափարիչներն ու պատրաստված բանջարեղենը։
Ջավախքցի կնոջ համար լի մառանը վաղուց դարձել է տան բարեկեցության խորհրդանիշներից մեկը։ Ձմռան երկար ամիսներին, երբ դրսում ձյունն է, իսկ գյուղական ու քաղաքային առօրյան դանդաղում է, պահածոների տարաները նորից հիշեցնում են անցած տաք եղանակների մասին։
«Հայ կնոջ նկուղը դատարկ չպետք է լինի, գուցե առաջվա նման կարիք չկա շատ պատրաստելու, բայց ամռան ու աշնան բույրն անպայման պետք է հասցնել ձմեռ»,- ասում է տիկին Լուսյան։
Միևնույն ժամանակ, վերջին տարիներին ձմռան համար բանջարեղեն պահելու մեկ այլ տարբերակ էլ է ավելի տարածված դարձել՝ սառեցումը։ Շատ ընտանիքներ նախընտրում են բանջարեղենի մի մասը մաքրել, բաժանել ու սառեցնել՝ հետագայում օգտագործելու համար։ Ոմանց համար սա ավելի հարմար տարբերակ է, իսկ մյուսները շարունակում են հավատարիմ մնալ ավանդական պահածոներին։
«Անցած տարի մեծ սառցարան եմ գնել, ավելի մեծ քանակությամբ բանջարեղեն ու մրգեր եմ սառեցնում, այդպես վիտամիններն ավելի լավ են պահպանվում։ Իսկ պահածոներից թթուներ և աջիկա եմ շատ պատրաստում»,- իր փորձով կիսվում է տիկին Սիրուշ Տոնականյանը։
«90-ականներին, երբ խանութներում ուտելիք չկար, շատ-շատ էինք պահածոյացնում ամեն ինչ։ Հիմա խանութներում ամեն ինչ կա, բանջարեղենն էլ բոլոր սեզոններին կա, սակայն պահածո պատրաստելը մնում է պարտադիր պայման։ Իմ ընտանիքը սառեցված տարբերակով չի սիրում։ Այդ պատճառով, իհարկե, առաջվա չափ չէ, բայց սիրով պատրաստում եմ պահածոներ», — ասում է տիկին Ս․ Մ․։
«Թոռնիկներս կոմպոտ շատ են սիրում, շատ-շատ եմ պատրաստում, առանձին մրգեր էլ եմ սառեցնում ձմռանը թարմ կոմպոտներ պատրաստելու համար։ Իսկ աջիկան ու թթուները, իհարկե, անպակաս են»,- պատմում է տիկին Գոհարը։
«Ամբողջ կյանքս միշտ շատ պահածոներ եմ պատրաստել, ոչ մի անգամ թունավորման դեպք չի եղել, փառք Աստծո, սակայն վերջերս սկսել եմ վախենալ ու ավելի շատ սառեցնում եմ», — ասաց տիկին Ժուժունան։
Այսպիսով, կարող ենք ասել, որ պահածոների պատրաստման մշակույթը դեռ չի անհետանում։ Ընդհակառակը՝ աշնան գալուն պես Ախալքալաքի տներում կրկին սկսվում է նույն ծանոթ շարժը՝ շուկա գնալ, ընտրել ամենալավ բանջարեղենը, տուն վերադառնալ և ձմռան համար «ամառը փակել» ապակե տարաների մեջ։
Եվ երբ վերջին տարան էլ տեղավորվում է նկուղի դարակում, տանտիրուհին կարծես մի փոքր հանգստանում է․ ձմռան մի մասն արդեն պատրաստ է։ Դրսում կարող է ձյուն գալ, ցրտերը՝ երկարել, բայց մառանում շարքով կանգնած գունավոր տարաները պահում են արևոտ եղանակների համն ու տան ջերմությունը։



