Վրաստանը Միացյալ Նահանգների կողմից ունի բարձր երկկուսակցական աջակցություն, ինչը կարևոր գործոն է համագործակցության խորացման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և հույս հայտնել, որ այդ հանրության վստահությունը թույլ կտա Վրաստանի իշխանություններին հասնելու դրված նպատակներին:
«Դա համարվում է բնակչության կողմից վստահության ամենաբարձր արտահայտումը` կառավարության գործունեության հետ կապված: Սա շատ մեծ մանդատ է և հնարավորություն իշխանության համար իրականացնելու իր առաջ դրված նպատակները», – հանդիպման ժամանակ նշել է Բրիջիթ Բրինքը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների գլխավոր հարցերը: Այդ թվում` պաշտպանության և անվտանգության, տնտեսության և առևտրի, ժողովրդավարության և մարդու իրավունքների, կրթության և մշակույթի ոլորտներում հեռանկարները: Զրույցը անդրադարձավ նաև տարածաշրջանի իրավիճակին: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը ընդգծել է Վրաստանի դերը, որպես կայունացնող ուժ տարածաշրջանում: Կողմերը խոսել են նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների մասին և նոր վարչախմբի ձևավորման գործընթացի մասին:
Հանդիպմանը, որը կազմակերպվել էր կառավարության աշխատակազմում, ներկա էր նաև Եվրոպական և եվրատլանտյան կառույցների ինտեգրման նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաքրաձեն:
Լուսինե Աստոյան