Հունիսի 13-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղացած հորդառատ անձրեւից ու կարկուտից տուժել են Ախալքալաքի մունիցիպալիտետի հյուսիսարևելյան մասի գրեթե բոլոր գյուղերը։ Սակայն հատկապես տուժել են Կաջո և Բարալեթ գյուղերը։ Տեղական իշխանությունները խոստանում են տուժած ընտանիքներին փոխհատուցել վնասը։

Վնասվել են կարտոֆիլի և այլ դաշտերը, տներն ու նկուղները, կամուրջները: Առավել տուժել են 5 ընտանիք Կաջո գյուղից, և 3 ընտանիք՝ Բարալեթ գյուղից։

stixiya1

Կաջո գյուղում մեծ վնասներ են կրել գյուղի հարավային մասում գտնվող տներն ու հողատարածքները։

stixiya3

Կաջո գյուղից, Հրաչ Բալասանյանի 6 խոզը խեղդվել է խոզանոցը լցված անձրևաջրերի պատճառով: Վնասվել է նրա 1 հա կարտոֆիլի դաշտը, ջուրը տարել է ոռոգման համակարգի խողովակերը, փչացրել խոտը: Նկուղը, հողածածք պահեստները և խոզանոցը վերականգնման կարիք ունեն։

stixiya2

«16 խոզ ունեի, մնաց 10-ը: Ջուրը քանդեց ու տարավ ամեն ինչ: Մենք խոզանոցից ու հողածածք պահեստներից ջուրը քաշեցինք, խոզանոցում ջուրը մինչև պատուհանները լցվել էր, խոզերին ջրահոսքը դուրս էր շպրտել պատուհանից: Ոռոգման խողովակներն էլ էր ջուրը տարել, 70 հատ էր, 15-ը հավաքեցինք, մնացածը ջուրը տարել է: Իշխանության ներկայացուցիչները եկել են, տեսել, խոստացել են օգնել»,- ասում է Հրաչ Բալասանյանը։

kochio

stixiya4

Ջուրը լցվել էր Բալասանյան Տիգրանի նկուղը, որտեղ պահվում է մթերքը։ Տիգրանի խոսքերով, ջուրը խոնավացրել է ալյուրի, շաքարավազի, պանրի և այլ ապրանքներով պարկերը, ինչպես նաև վնասել նրա տունը գյուղի հետ կապող կամուրջը։

stixiya5

«Ալյուր, շաքարավազ, ամեն ինչ փչացել է, ես 3 օր է չեմ կարողանում մեքենան դուրս հանել, կամուրջը փլուզվել է։ Նման բան տեղի էր ունեցել 30 տարի առաջ։ Մենք նկուղից ջրի կեսը դույլերով ենք հանել, կեսը դուրս քաշել ջրապոմպով»,- ասում է ու ցույց տալիս Տիգրան Բալասանյանը:

Աբելյան Անահիտը նույնպես վնաս է կրել։ Ջրից խեղդվել են նրա հավերն ու հողածածք պահեստում փչացել է կարտոֆիլը։

«30 հավից մնացել է 3-ը, մոտ 500 կգ կարտոֆիլ կար, բայց դա ոչինչ, կամուրջն է վնասվել, որով մենք գնում էինք պահեստ և հավանոց»,- ասում է Անահիտ Աբելյանը։

stixiya6

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ եղել են տուժած գյուղերում, տեսել և գնահատել հորդառատ անձրևի պատճառած վնասը։

syixiya

Հարցին, թե ուժեղ անձրևից տուժած ընտանիքներին կփոխհատուցվի արդյոք վնասը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց հետևյալը.

«Եղել եմ տեղում, ամեն ինչ տեսել եմ, ծանոթացել: Ով տուժել է, օգնություն կստանա։ Կաջոյում 5 ընտանիք, և Բարալեթ գյուղում 3 ընտանիք կստանան որոշակի օգնություն: Որոշումը կկայացնի հանձնաժողովը, թե որքան կփոխհատուցի, հանձնաժողովի նիստ կգումարենք ու կորոշենք»,- ասաց Մելքոն Մակարյանը։