Անուշ Մկրտչյանը 67 տարեկան է, նա տարրական մակարդակով տիրապետում է վրացերենին, ինչպես և շատ ախալքալաքցիներ, սակայն տարիքի և առողջական վիճակի պատճառով չի կարողանում հանձնել Վրաստանի քաղաքացիությունը վերադարձնելու քննությունը, ինչպես և Ջավախքի շատ բնակիչներ։
Անուշ Մկրտչյանի կողմից Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու պատմությունը «բանալնի» է: Նա ամբողջ կյանքն ապրել է Ախալքալաքում, եղել է Վրաստանի քաղաքացի, սակայն երեխաները տեղափոխվել են Ռուսաստան ապրելու՝ հայրենիքում հնարավորությունների բացակայության պատճառով։ Երեխաներին ու թոռներին անխոչընդոտ տեսակցելու համար Անուշը որոշել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ։ Նա փաստաթղթեր է ներկայացրել, պարզվել է, որ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար այն ժամանակ անհրաժեշտ է եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից։
«Այն ժամանակ ես չէի կարող վրացական անձնագրով երեխաներիս մոտ գնալ, միայն դա էր պատճառը, որ ստացա Ռուսաստանի քաղաքացիություն: Այն բանից հետո, երբ հնարավոր եղավ ունենալ երկքաղաքացիություն, ուզում էի դիմել Վրաստանի քաղաքացիությունը վերադարձնելու համար, բայց ինձ ասացին, որ ես չեմ կարող, որովհետև տվյալների բազայում ամուսնության վկայականը բացակայում է։ Ամուսնուս անունը սխալ է գրված արխիվային փաստաթղթերում։ Հետևաբար ինձ ժամանակավոր կացության թույլտվություն տվեցին։ Ես դեռևս ունեմ ժամանակավոր բնակության թույլտվություն՝ 6-7 տարի է արդեն»,- ասում է Անուշ Մկրտչյանը։
Անուշի ամուսինը մահացել է, որից հետո նա դադարել է հետաքրքրվել արխիվային փաստաթղթերը վերականգնելու համար։ Ամուսինը թոշակի անցած փոխգնդապետ էր, ով կռվել է 2008-ի պատերազմում, իսկ այժմ նրա այրին չի կարող նույնիսկ լինել այն երկրի քաղաքացի, որի համար ամուսինը կռվել է։
«Նա աշխատել է ՆԳՆ-ում, փոխգնդապետի կոչումով անցել է թոշակի՝ Հարավային Օսիայի վերջին պատերազմից հետո, եղել է Ցխինվալիում: Երեք անգամ Վրաստանի համար պատերազմ է գնացել, այդ ամենն ազդել է իմ ու երեխաներիս վրա: Որդիս նույնպես ծառայել է բանակում: Ես կարգապահ քաղաքացի եմ, ով երբեք չի ապրել Վրաստանից դուրս: Ես թե խնդրում, և թե պահանջում եմ, որ ինձ վերադարձնեն Վրաստանի քաղաքացիությունս: Հիմա առողջական խնդիրներ ունեմ, հիշողությունս լավ չէ, լսողությունս ևս, ուստի Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար քննություն չեմ կարող հանձնել»,- ասում է նա։
Կացության թույլտվությամբ Անուշ Մկրտչյանը չի օգտվում այն արտոնություններից, որ պետությունը տրամադրում է իր նման բնակիչներին, նրա համար բուժօգնությունն ամբողջությամբ վճարովի է, դեղերի արտոնությունները նույնպես հասանելի չեն իրեն։
Անուշ Մկրտչյանի նմանները Ջավախքում շատ են, շատերը պատճառ ունեին կա՛մ հրաժարվելու, կա՛մ կորցնելու այն երկրի քաղաքացիությունը, որտեղ ապրում են, իսկ վերադարձնելը չափազանց դժվար է։ Այս հարցը կարող է լուծվել, եթե Վրաստանը, նախագահի առաջարկով, պարզեցվի ծնունդով Վրաստանից անձանց քաղաքացիության վերադարձը կամ շնորհումը։ Քաղաքացիության կորստի խնդիրն արդիական է ոչ միայն Ջավախքի, այլև Վրաստանի մյուս բնակիչների համար, ովքեր հայրենիքում աշխատանքի բացակայության պատճառով ստիպված են գումար վաստակել այլ երկրներում։