Փետրվարի 3-ին, Jnews-ի գրասենյակում, Ախալքալաքի շրջանի երիտասարդների համար, «Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդների շրջանում մեդիա գրագիտության հմտությունների բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հերթական դասընթացը: Ապատեղեկատվության և մարդկանց հոգեկանի վրա դրա ազդեցության վերաբերյալ դասընթացը վարեց հոգեբան Գոհար Աղջոյանը։
Դասընթացի թեման էր «Ապատեղեկատվությունը և նրա ազդեցությունը մարդու հոգեկանի վրա»: Երիտասարդները իմացան, թե ինչպես է տարածվում ապատեղեկատվությունը, ինչպես է ազդում այն, ինչպես նաև այն մեթոդների մասին, որոնք օգտագործվում են մարդու հոգեկան վիճակի վրա ազդելու համար։
Բազմաթիվ ապատեղեկատվություններ միտված են հատկապես մարդու հոգեկան վիճակի վրա ազդելուն։ Երիտասարդները սովորեցին, թե ինչպես տարբերել կեղծիքը ճշմարտությունից, ինչ ժեստեր ու շարժումներ է սովորաբար անում մարդը ստելիս։
Դասընթացն անցավ տարբեր խաղերի օգնությամբ։
«Իմ դասընթացն ավելի գործնական էր, դրա ընթացքում շատ խաղեր խաղացինք։ Խաղերը այնպիսին էին, որոնց միջոցով երևում էր ապատեղեկատվության և հոգեկանի միջև կապը: Մարդիկ այնքան պրոֆեսիոնալ են ապատեղեկատվություն տարածում, որ շատերը չեն տարբերակում, և այս ամենը մոլորեցնում է մարդկանց։ Ապատեղեկատվությունը հաճախ օգտագործվում է քաղաքականության մեջ, արվեստում, սոցիալական ոլորտում և անձնական նպատակներով»,- ասաց Գոհար Աղջոյանը։
«Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագիրը ներառում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ակտիվ երիտասարդների հավաք, մեդիագրագիտության և ապատեղեկատվության վերաբերյալ հանդիպումներ տեղի և հրավիրյալ դասընթացավարների մասնակցությամբ, որպեսզի երիտասարդները ստանան համապատասխան տեղեկատվություն և գործնական ուսուցում այդ հարցերի մասին: Ստացված տեղեկատվությունը երիտասարդները կփոխանցեն իրենց համագյուղացիներին և ծանոթներին:
Ծրագիրը, որի շրջանակներում կայացել է դասընթացը, իրականացվում է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD) նախաձեռնությամբ, Նիդերլանդների (Հոլանդիա) դեսպանատան ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում անցկացվել է 5 թրեյնինգ՝ տեղի և Թբիլիսիից հրավիրված փորձագետների կողմից:
«Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագիրն Ախալքալաքում իրականացնում է լրագրող Գայանե Ակոջյանը: Այս նախագիծն ընտրվել է «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD)» ծրագրի շրջանակներում, որը կրում է «Տարբեր կրոնական խմբերի հզորացումը հասարակական և քաղաքացիական գործունեության մեջ» անվանումը: