Օգոստոսին Ախալքալաքից ԱՄՆ-ի Օհայո նահանգ կմեկնի Ռիմմա Շիրինյանը։ Նա միակն է, ով այս տարի երկու` Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից, հաջողությամբ հաղթահարել է ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի (FLEX) բոլոր փուլերը։

Ռիմման ապրում է Ախալքալաքում, սովորում է քաղաքի թիվ 1 հանրային դպրոցի 11-րդ դասարանում։ Դեռ չի որոշել որտեղ է ուզում ստանալ բարձրագույն կրթություն, մտածում է՝ թե Երևանի, թե Թբիլիսիի համալսարանների մասին, պետք է դառնա կամ իրավաբան, կամ էլ IT մասնագետ։ Իր ապագան չի տեսնում Ախալքալաքում։ Նա ցանկանում է տարբեր նախագծերի դիմել և գնալ նաև եվրոպական տարբեր երկրներ։

FLEX-ին մասնակցելը եղել է Ռիմմայի երկու տարվա նպատակը։ Նախանցած տարի չի մասնակցել, քանի որ ցանկացել է ավելի լավ պատրաստվել։ Հիմա արդեն շատ ուրախ է, զբաղված է նախապատրաստական աշխատանքներով։

«Մինչև իմ դիմելը իմ ծանոթն էր դիմել Flex նախագծին ու ինքն ինձ ասաց՝ փորձիր, ընթացքում, իհարկե, նա ինձ բացատրել էր ամեն ինչ։ Ես ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի դիմել։ Որ ասեմ, ինձ համար դժվար էր երևի այդքան էլ չէ, եթե դիմորդն անգլերեն A2 մակարդակի իմանա, ապա շատ դժվար չի լինի»:

Անգլերեն սովորելու համար Ռիմման անհատական չի պարապել, դպրոցում է սովորում և ֆիլմեր է նայում, օգտվում է տարբեր կայաքերից, որտեղ անգլերեն են սովորեցնում:

Ինչպես մեր հերոսուհին է նշում իր համար առաջին երկու փուլը դժվար չի եղել, մի քիչ բարդ է եղել երրորդ փուլը, երբ էսսեներ են գրել, խմբային աշխատանքներ ներկայացրել և հարցազրույց տվել։

Ռիմման այդքան էլ վստահ չի եղել, որ կանցնի, սակայն երբ զանգել ու ասել են, շատ է ուրախացել։

«Անկեղծ ասած, ես այդքան էլ հույս չունի, որ կանցնեի։ Կարծես մեջիս մի կեսը համաձայն էր, և հուշում էր ինձ, որ կանցնեմ, իսկ մյուս կեսը՝ հակառակը։ Հետո կարծում էի, որ էսսեի մեջ սխալ եմ գրել, կարծում էի հարցազրույցի ժամանակ սխալ եմ խոսել և ինքս ինձ ներշնչեցի, որ դժվար անցնեմ»,- ասում է Ռիմման։

Նախագիծն անցնելուց հետո շատ բան չեն պահանջել, անձնագիր, պատվաստումներ և նպանատիպ այլ հարցեր։

«Երբ որ անցա շատ-շատ ուրախացա, կարծում էի, որ արդեն ամեն ինչ լավ է, ու ոչ մի խնդիր այլևս չկա։ Հիմա ավելի խորն եմ մտածում։ Մեկ տարի պետք է առանձին ապրեմ, և հիմնականում դա է, որ մտածել է տալիս», – ավելացնում է նա։

Մեր հերոսուհին կարծում է, որ նախագծին դիմելու համար կարևոր է ունենալ այլ մտածելակերպ և աշխարհահայացք, ասում է՝ փնտրում են այնպիսի մարդկանց, որ ազատ լինեն, լիդեր լինեն։

«Նրանք փնտրում են այնպիսի մարդկանց, որ կարողանան մեկ տարի դիմանալ այնտեղ։ Երրորդ փուլին հարցազրույցը հենց դրան էլ վերաբերվում էր, քանի որ հոգեբանը նույնպես ներկա է լինում այդ հարցազրույցին»:

Նա արդեն կապ է հաստատել այն ընտանիքի հետ, որտեղ ապրելու է, դեռ նախնական շփումից ասում է՝ լավ մարդիկ են երևում և հույս ունի, որ ոչ մի խնդիր չի ունենալու:

Rimmul

Ռիմմա Շիրինյանը միշտ փորձել է անկախ լինել, անգամ փոքր ժամանակ դասերն անելուց փորձել է չդիմել ծնողների օգնությանը և կարծում է, որ այս նախագծով գնալը մարդուն դարձնում է ավելի անկախ, ավելի վստահ սեփական ուժերի նկատմամբ։

Երբ իմացել է, որ իրեն են ընտրել, որոշել է ոչ ոքի չասել այնքան ժամանակ, մինչև պաշտոնապես չգա պատասխանը, ուսուցչուհին կարծել է, թե նա չի անցել, և հարցրել է.

«Ռիմմա ջան չե՞ս անցել, որ ձայն չես հանում, ասացի՝ անցել եմ, նա շատ ուրախացավ և ուրախացան նաև դասարանցիներս, ասացին մաղարիչը իրենց վրա», – ժպտալով պատմում է Ռիմման։

Ռիմման գնում է Օհայո նահանգ, չնայած, որ ինքն ուզում էր կամ Կալիֆորնիա, կամ Նյու-Յորք:

Մեր հերոսուհին տիրապետում է վեց լեզվի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, իսպաներեն և թուրքերեն։

Նրա ընտանիքը նույնպես հաճելի անակնկալի է եկել, դժվար է նրանց պատկերացնել մի տարի իրենց աղջկան օվկիանոսից այն կողմ, սակայն նրանց համար Ռիմմայի ապագան առաջին հորիզոնականում է։

Ռիմմայի հետ այս ծրագրով Ախալքալաքից և Նինոծմինդայից 4-ական դիմորդներ են եղել, սակայն նրանցից ոչ ոք չի անցել։ Ռիմման տխրել է նրանց համար: Ասում է՝ երբ գա ԱՄՆ-ից և օգնության կարիք ունենան, ապա կօգնի բոլորին։

Նա խորհուրդ է տալիս բոլորին՝ ունենալ մեծ վստահություն սեփական ուժերի նկատմամբ։

«Շատ կարևոր է, լինել անկախ, գիտակցել, որ այնտեղ ոչ ոք քեզ չի օգնի և շատ աշխատել»։

Ապագայում ցանկանում է Ախալքալաքում բացել տարբեր կենտրոններ, որոնք երիտասարդներին կօգնեն դասերից հետո զբաղվել այլ հետաքրքրություններով։

Հիշեցնենք, որ «Future Leaders Exchange Program» (FLEX) մշակութային փոխանակման ծրագիրն ավագ դպրոցի աշակերտների համար ստեղծվել է 1992 թվականին՝ սենատոր Բիլ Բրեյդլիի կողմից: