Երեկ՝ հունիսի 1-ին, Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարար Թեա Ախվլեդիանիի, Սամցխե-Ջավախքի նահանգի առաջին դեմքերի և Ախալքալաքի ու Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, տեղի ունեցավ Կումուրդո գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացումը:
Գյուղի մանկապարտեզը գործում է 2023 թվականի մարտի 15-ից, սակայն բացման արարողությունը չէր կայացել։
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Թեա Ախվլեդիանին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և տեղական և կենտրոնական իշխանությունների այլ ներկայացուցիչներ:
Մանկապարտեզի բակը լեփ-լեցուն էր ծնողներով ու երեխաներով։ Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։
Միջոցառումը հանդիսավոր կերպով բացվեց Վրաստանի օրհներգով։
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարար Թեա Ախվլեդիանին բացման ժամանակ ասաց.
«Ինտեգրման և քաղաքացիական իրավահավասարության քաղաքականության շրջանակներում, Կրթության նախարարության հետ համատեղ մենք ներդնում ենք երկլեզու կրթության համակարգ։ Կումուրդո գյուղի մանկապարտեզում, որտեղ այսօր ներկա էինք պաշտոնական բացմանը, նախադպրոցական տարիքի երեխաների համար, սեպտեմբերից կլինի երկլեզու կրթություն: Երեխաները վաղ տարիքից հնարավորություն կունենան մայրենի լեզվի ուսումնասիրության հետ մեկտեղ սովորել պետական լեզուն՝ վրացերենը, որը մեր քաղաքականության ռազմավարական մեթոդն է հանդիսանում»,- ասաց Թեա Ախվլեդիանին։
Նախարարը մանկապարտեզին նվերներ հանձնեց՝ խաղալիքներ և գրքեր։
Ողջույնի խոսքեր և շնորհակալություն հայտնեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին: Մանկապարտեզի բացման կապակցությամբ, նախադպրոցական հաստատության տնօրեն Արտյուշ Զաքարյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Կումուրդո գյուղի մանկապարտեզի կառուցման գործում։ Հյուրերին ողջունեց և իր շնորհակալությունը հայտնեց նաև Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:
Մանկապարտեզի բակում, մանկապարտեզի սաների և Կումուրդո գյուղի պարային խմբի մասնակցությամբ, տեղի ունեցավ համերգ։
Երեխաները հայերեն և վրացերեն բանաստեղծություններ կարդացին, կատարեցին հայկական և վրացական պարեր։
Համերգին հաջորդեց կարմիր ժապավենը կտրելու արարողությունը։