Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, մայիսի 26-ից 28-ն անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար։ 97 կգ քաշային կարգում արմատներով Կարծախից Գոռ Այվազյանը գրավել է առաջին տեղ։

Նա ունեցել է 5 մենամարտ, եզրափակիչում մենամարտել է բուլղարացի մարզիկի հետ։ Գոռը հանդես է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վրաստանի հավաքականի կազմում։

Գոռը Վրաստանի հավաքականի անդամ է, իսկ 2022 թվականին դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկան պատանիների շրջանում աշխարհի չեմպիոն։

2023 թվականի ապրիլին հունահռոմեական ըմբշամարտի Վրաստանի առաջնությունում դարձել է Վրաստանի չեմպիոն 97 կգ քաշային կարգում և մինչև 20 տարեկանների շրջանում։

Նա նաև «Արագվելեբի» մարզական ակումբի անդամ է, որտեղ նրան անվանում են՝ անհաղթ առյուծ։

Ինչպես նշում է Գոռ Այվազյանը, նա այս ամենին հասել է իր աշխատասիրության շնորհիվ:

Հենց նույն աշխատասիրությամբ նա պատրաստվում է առաջիկա աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։

Գոռ Այվազյանը 18 տարեկան է, ըմբշամարտով զբաղվում է 6 տարեկանից։ Նա ապրում է Հայաստանում, բայց հանդես է գալիս Վրաստանի հավաքականի կազմում, արմատներով Ախալքալաքի շրջանիի Կարծախ գյուղից է։

Կարդացեք նաև՝
Համեստ ու անկեղծ Աշխարհի չեմպիոնը Ջավախքից