17-ամյա Գոռ Այվազյանը զբաղվում է ըմբշամարտով, չնայած երիտասարդ տարիքին, նա հասցրել է դառնալ նախ Վրաստանի, այնուհետև՝ աշխարհի չեմպիոն:
Ընդամենը հաշված օրեր առաջ ըմբշամարտիկ Գոռ Այվազյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն:
Նա քչախոս է, մեր հարցերին պատասխանում է հնարավորինս հակիրճ, աչքի է ընկնում յուրահատուկ հանգստությամբ:
Գոռը ծնվել ու մեծացել է Հայաստանում, բայց հանդես է գալիս Վրաստանի դրոշի ներքո, քանի որ Վրաստանի քաղաքացի է: Արմատներով Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից է:
«Վեց տարեկան էի, երբ ծնողներս տարան ըմբշամարտի ու այդպես քայլ առ քայլ, գնալով առաջ, դարձա աշխարհի չեմպիոն» , – ասում է Գոռ Այվազյանը:
Ըմբշամարտը Գոռի ընտրությունն է եղել, երազանքը՝ դառնալ աշխարհի չեմպիոն:
«Ինձ փոքրուց դուր էր գալիս ըմբշամարտը, ամեն ինչ իմ ցանկությամբ է եղել: Իրականում դժվար է եղել այս 12 տարիներին, կոպիտ ասած՝ լացելով հաղթահարել եմ ամեն ինչ, բայց չի եղել օր, որ չգնամ մարզվելու և գոնե մի վայրկյան մտածեմ սպորտը թողնելու մասին: Սպորտում ամենակարևորը հոգեբանությունն է: Կարող է դու շատ ուժեղ լինես, բայց հոգեպես շատ թույլ, ու քեզանից մի 10 անգամ թույլ մրցակցին կրվես»,- վստահեցնում է աշխարհի չեմպիոնը:
Գոռի հայրը՝ Հուսիկ Այվազյանն ասում է.
«Ըմբշամարտը ուժեղ մարդու սպորտ է, 6 տարեկանում սիրեց ու մնաց, նաև լողի էի տանում, բայց լողը թողեց, կարող եմ ասել, որ գորգը իրեն սիրեց, ինքն էլ գորգին»:
Լուսանկարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնն է հոր՝ Հուսիկ Այվազյանի հետ
Սպորտով զբաղվելիս Գոռն իրեն վստահ է զգում՝ անկախ պարտություններից ու հաղթանակներից:
«Անցած տարի աշխարհի առաջնության ժամանակ գրեթե հաղթում էի, մրցակիցս ազգությամբ ուզբեկ էր, եթե ճիշտ եմ հիշում 5/0 հաշվով հաղթում էի, բայց իմ մի տեխնիկական սխալի պատճառով պարտվեցի: Բայց գիտակցելով իմ սխալը, ես մեծ վստահության ու համառության շնորհիվ մեկ տարի անց դարձա աշխարհի չեմպիոն», – նշում է Գոռը:
Օրական նվազագույնը 4-5 ժամ մարզվում է, երկար է սպասել ու պատրաստվել այս հաղթանակին:
Անցած տարի դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վրաստանի չեմպիոն: Նվաճած մեդալներն ու գավաթները բազմաթիվ են:
Արդեն հինգ տարի է Վրաստանն է ներկայացնում, հավաքների ժամանակ մշտապես գալիս է Վրաստան: Հայաստանում Ազատ Ամոյանի մոտ է մարզվում, իսկ Վրաստանում՝ Վաժա Բոցաշվիլիի:
Լուսանկարում 17-ամյա Գոռ Այվազյանն է
Ըմբշամարտում ուզում է նմանվել Մալխաս Ամոյանին, նրա հետ է մարզվում և անընդհատ սովորում նրանից:
Ասում է. «Կարևոր է հաղթանակից հետո քեզ համեստ պահես ու գոռոզավարի չլինես, մարդկանց մեջ անկեղծությունն եմ գնահատում, կեղծ շփում չեմ սիրում: Անտանելին ինձ համար սուտ խոսելն ու դավաճանությունն է»:
Մշտապես բոլոր հաղթանակներից հետո առաջինը հայրենի գյուղ՝ Կարծախ է այցելում: Գյուղացիները առանձնակի ոգևորությամբ ու հպարտությամբ են գյուղամեջում դիմավորում Գոռ Այվազյանին:
«Անցած տարի, որ Վրաստանի առաջնությունում հաղթեցի, անգամ չէի պատկերացնում, որ գյուղ կգամ ու այդքան մարդ գրկաբաց ինձ կդիմավորի: Քեֆ-ուրախություն էր, քեզանից անկախ ոգևորվում ես, մշտապես մտածում հաղթանակի մասին, որ իրենց ուրախացնես, այդ հաղթանակը մենակ քոնը չլինի, այլ՝ բոլորինը»:
Լուսանկարում Գոռն է իր ծնողների և հորեղբոր ընտանիքի հետ
Հուսիկ Այվազյանն առանձնակի հպարտությամբ պատմում է. «Ախալքալաք էի գնացել միս գնելու, մսավաճառը որ իմացավ Կարծախից եմ ասաց՝ 17 տարեկան մանչմ ձեր գյուղից աշխարհի չեմպիոն է դարձել, ասացի գիտեմ, իմ որդին է, մսավաճառը մի քանի անգամ նույն հարցը տվեց, բայց մինչև վերջ չհավատաց, որ ես եմ չեմպիոնի հայրը»:
Կարծախցի աշխարհի չեմպիոնը տխուր ժամանակ սիրում է միայնակ քայլել, իսկ ջղայնացած ժամանակ՝ երաժշտություն լսել:
«Շատ էմոցիոնալ մարդ եմ, չեմ թաքցնում իմ զգացմունքները, անկեղծ եմ», – ասում է Գոռը:
Գոռ Այվազյանը սպորտին զուգահեռ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի քոլեջում, սպորտից զատ ցանկանում է մասնագիտանալ մարքետինգի մեջ: