Այսօր՝ մայիսի 22-ին, Ախալքալաքի թիվ 5 հանրակրթական դպրոցում հնչեց դպրոցական վերջին զանգը։ Դպրոցն ավարտեց 13 աշակերտ:
Վերջին զանգը սկսվեց Վրաստանի և Հայաստանի օրհներգով։ Ինչպես մյուս դպրոցներում, այստեղ ևս աշակերտները երգեր երգեցին, շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին, ծաղիկներ նվիրեցին նրանց, պարեցին հայկական պար, երկինք բաց թողնելով սպիտակ աղավնիներ ու փուչիկներ։ Դպրոցի տնօրեն Նազենի Մոսոյանը շնորհավորեց աշակերտներին: Միջոցառումն ավարտվեց Ախալքալաքի դպրոցներում ավանդական դարձած ավարտական վալսով։
Նշենք, որ Ախալքալաքի շրջանում այս տարի դպրոցն ավարտեց 599 շրջանավարտ։ Մայիսի 19-ին վերջին զանգը հնչեց թիվ 3 դպրոցի 18 շրջանավարտների (Ճավճավաձեի անվ.) և թիվ 4 (Դեմիրճյանի անվան) դպրոցի 52 շրջանավարտների համար։ Մայիսի 20-ին թիվ 2 (ռուս.) դպրոցն ավարտեց 34 շրջանավարտ, իսկ մայիսի 21-ին թիվ 1 (Թումանյանի անվան) դպրոցն ավարտեց՝ 47 շրջանավարտ։ Քաղաքում այսօր՝ մայիսի 22-ին, վերջին զանգը հնչեց թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ) 13 շրջանավարտների համար։ Նաև վերջին զանգն այս օրերին նշում են գյուղերի դպրոցներում։ Ընդհանուր Ախալքալաք քաղաքի 5 դպրոցներում թվով 164 շրջանավարտ հրաժեշտ տվեց դպրոցական սեղանին: