Մեծ և Փոքր Խորենիա գյուղերի բնակիչները բողոքում են ճանապարհների անմխիթար վիճակից։ Անձրևների ժամանակ դրանք դառնում են անանցանելի՝ սկսած Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհից ճանապարհը լի է հսկայական փոսերով։ Քաղաքապետարանից խոստացել են հարթեցնել ճանապարհը գրեյդերով։
Ըստ Մեծ Խորենիա գյուղի բնակիչ Սամսոն Վարդանյանի՝ ճանապարհն այս վիճակում է արդեն կես տարի:
«Բոլոր մեքենաները շարքից դուրս են եկել, մենք քշում ենք 5 կմ/ժ արագությամբ, քաղաքից մեր գյուղ տաքսին 20 լարի է վերցնում: Թեթև անձրևից նույնիսկ ճանապարհն անհասկանալի է ինչ է դառնում: Գոնե մի քիչ հավասարեցնեն, ասֆալտ չկա ՝հասկացանք, բայց գոնե հարթեցնեն, ես օրական առնվազն 20 լարի եմ ծախսում մեքենայի վրա»,- մեկնաբանում է Սամսոն Վարդանյանը։
Ճանապարհների վիճակը Jnews-ի այցի ժամանակ
Jnews-ի ընթերցողի կողմից տրամադրված տեսանյութը
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշել է, որ այս հատվածում ասֆալտապատում դեռ չի նախատեսվում, սակայն առաջիկա օրերին ճանապարհը կհարթեցվի։
«Մենք կարող ենք ուղեհարթումը և ավազալցումն իրականացնել այն ժամանակ, երբ եղանակը թույլ տա: Մեզ մոտ արդեն մեկ ամիս է՝ անձրևոտ եղանակ է, իսկ ջրափոսերում այս տեխնիկան չի աշխատում և արդյունավետ չէ: Այսօր (խմբ.՝ մայիսի 17) մենք սկսեցինք ուղեհարթման աշխատանքներ իրականացնել Խուլգումոյում, եթե լավ եղանակը շարունակվի, առաջիկա մի քանի օրերին կտեղափոխենք տեխնիկան և կկատարենք Խորենիա տանող ճանապարհի ուղեհարթումը»։