Լայնածավալ հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները՝ դատարանի որոշման հիման վրա ձերբակալվել են Պետական անվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնի կողմից։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է միաժամանակ չորս վայրում, ձերբակալվել է Վրաստանի վեց քաղաքացի։
«Հակաահաբեկչական կենտրոնի, Վրաստանի գլխավոր դատախազության և ՆԳՆ համատեղ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմքով՝ պարզվել է, որ այդ անձինք կապեր են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցիկ առաջնորդներից մեկի հետ և վերջինիս հրահանգով ծրագրել են տարբեր տեսակի ահաբեկչական գործողություններ մի շարք երկրներում։
Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, զինամթերք, պայթուցիկ նյութեր և հետաքննության համար կարևոր նշանակություն ունեցող տարբեր հանցանշաններ։
Գործը հետաքննվում է Վրաստանի ՔՕ 328-րդ և 236-րդ հոդվածներով, այն է՝ օտարերկրյա պետության ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը, ահաբեկչական գործողություններին աջակցելը, հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերումն ու պահպանումը։ Հետաքննությունը վարում է ՊԱԾ Հակաահաբեկչական կենտրոնը։
Հետաքննության շրջանակներում Հակաահաբեկչական կենտրոնը ձեռք բերված ապացույցների հիման վրա հայտնաբերել է որոշակի ահաբեկչական գործողություններ օտարերկրյա տարբեր երկրների տարածքում և, հաշվի առնելով վտանգի ավելացումը, տեղեկատվությունը անհապաղ հաղորդվել է գործընկեր երկրներին։ Նշենք, որ սույն գործի շրջանակներում քրեական գործ է հարուցվել օտարերկրյա պետության մեկ քաղաքացու նկատմամբ, որը դատարանի որոշմամբ տեղավորվել է ՆԳՆ Միգրացիոն վարչության ժամանակավոր կացության կենտրոնում»,- ասվում է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։