նորություններ 18 Սեպտեմբերի, 2026 • ՆԳՆ-ն առգրավել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, ձերբակալվել է 11 մարդ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության, Կենտրոնական քրեական ոստիկանության, ինչպես նաև Թբիլիսիի, Իմերեթիի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտների աշխատակիցները տարբեր ժամանակներում ձերբակալել են 11 անձի՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման, դրանց իրացմանն օժանդակելու, ինչպես նաև թմրամիջոցներ պարունակող բույսերի ապօրինի մշակման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։

«Քրեական գործերով իրականացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալներից մի մասը թմրամիջոցները նախապես ընտրված վայրերում տեղադրելուց հետո շահագրգիռ անձանց է ուղարկել համապատասխան կոորդինատներն ու լուսանկարները։

Մեղադրյալների անձնական իրերի և ժամանակավոր բնակության վայրերի, ինչպես նաև նրանց կողմից նշված վայրերի խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է իրացման համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ կոկաին, հերոին, մեթադոն, «Ալֆա-PVP», մարիխուանա և կանեփի բույս։

Քննչական գործողությունների արդյունքում իրավապահները նաև առգրավել են թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև թմրամիջոցների իրացումից ենթադրաբար ստացված գումար։

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ, 260⁴ և 265¹ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա կամ անժամկետ ազատազրկում», — ասված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝