Հունիսի 28-ին խորհրդարանի բյուրոյի նիստում կներկայացվի կառավարության օրենսդրական փաթեթը, համաձայն որի` համաներումը կվերաբերի այն անձանց, ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվել համավարակի հետ կապված սահմանված կանոնակարգերը խախտելու համար:

Բացի այդ, այն քաղաքացիները, որոնք տուգանվել են քովիդ-կանոնակարգերի խախտման համար, ազատվում են վարչական տույժից և տուգանքներ վճարելու պարտավորությունից:

Կառավարության տվյալներով, ավելի քան 245 հազար քաղաքացի և 344 իրավաբանական անձ կազատվեն վարչական տուգանքներից: Խոսքը մեկուսացման, կարանտինի և դիմակ կրելու կանոնների խախտման համար սահմանված շուրջ 76 միլիոն լարիի չափով չվճարված տուգանքների մասին է:

«Այս որոշումը, իհարկե, մենք կայացրել ենք` հաշվի առնելով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որն առաջացել է համավարակի արդյունքում: Համավարակի ընթացքում տուժել են մեր բազում քաղաքացիներն ու բիզնեսները, և 2020 թվականը, ինքնին, շատ դժվար տարի էր: Այս վճարումները ծանր բեռ էին նրանց համար: Իհարկե, մենք հասկանում ենք, որ վիրուսը կառավարելու համար անհրաժեշտ է հետևել կանոնակարգերին, սակայն շատ կարևոր է նաև թեթևացնել մեր քաղաքացիների տնտեսական վիճակը», – հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: