Երեքշաբթի երեկոյան՝ Թբիլիսիում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ, ընդդիմության և կառավարության ներկայացուցիչները քննարկել են Նիկա Մելիային և Գիորգի Ռուրուային կալանավայրից ազատ արձակելու ընթացակարգը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության համասեփականատեր Գիորգի Ռուրուան ապրիլի 27-ին ազատ կարձակվի նախագահի շնորհած համաներման ակտի հիմքով: Ինչ վերաբերում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայիս նախագահ Նիկա Մելիային, ապա նա ազատ կարձակվի «Համաներման մասին օրենքի» հիման վրա, որը պետք է ընդունվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

Ապրիլի 27-ին ընդդիմությունը մուտք կգործի խորհրդարան, կգրանցի «Համաներման մասին օրենքը» և Գիորգի Ռուրուային կշնորհվի համաներում: Այս մասին լրագրողներին հայտնել է «ՄԱՇ» կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին:

«Դրանից հետո, որքան հնարավոր է արագ, մենք կընդունենք Համաներման մասին օրենքը, և, համապատասխանաբար, եթե մինչ այդ Նիկա Մելիային այլ ճանապարհներով չհաջողվի ազատ արձակել, ապա Մելիան ազատ կարձակվի Համաներման մասին օրենքով», – պարզաբանել է Սալոմե Սամադաշվիլին:

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ համաձայնեցնելու քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերջնական ընթացակարգը: Երեքշաբթի օրը (ապրիլի 27-ին) մենք բոլորս միասին կգրանցենք խորհրդարանում Համաներման մասին օրենքը: Հենց դա տեղի ունենա, տիկին Զուրաբիշվիլին համաներման ակտ կընդունի, ինչը նշանակում է, որ Ռուրուան երեքշաբթի օրը ազատ կարձակվի», – լրագրողներին հաստատել է «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Ըստ նրա՝ Համաներման մասին օրենքը կտարածվի յուրաքանչյուրի վրա, ում նկատմամբ Վրաստանի խորհրդարանի մոտ 2019 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Նրանց թվում են նաև Նիկա Մելիան և քաղաքացիական ակտիվիստ Բեսո Թամլիանին: Վաշաձեն հաստատել է, որ համաներումը կվերաբերի նաև այն ոստիկաններին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ցույցը ցրելու ընթացքում լիազորությունները չարաշահելու առթիվ. Ներկայումս երեք ոստիկանների նկատմամբ հարուցվել են նման գործեր, չնայած նրանցից ոչ ոք կալանավորված չէ:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վաշաձեն ընդգծել է, որ համաներումը չի վերաբերի բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ օգտագործելու հրաման են տվել: «Այս համաներումը չի վերաբերի Գիորգի Գախարիային», – շեշտել է Վաշաձեն: Այդ ժամանակ Գախարիան զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ ցույցը ցրելուց մի քանի ամիս անց ակտիվիստները բողոքի ցույցեր էին անցկացնում՝ պահանջելով Գախարիայի հրաժարականը:

Վաշաձեն շեշտել է, որ «հանդիպմանը բոլոր կողմերը պատրաստակամություն են հայտնել արագացված կարգով ընդունել Համաներման մասին օրենքը՝ Մելիային բանտից ազատ արձակելու հետ կապված ընթացակարգային խնդիրների պատճառով»:

Ինչպես հայտնի է, Մելիային ազատ արձակելը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն է, որպեսզի նրանք դադարեցնեն խորհրդարանական նստաշրջանների բոյկոտը և լիարժեքորեն անցնեն իրենց աշխատանքին գերագույն օրենսդիր մարմնում:

Ռուրուայի գործը

2020-ի հուլիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Ռուրուային մեղավոր էր ճանաչել՝ ապօրինի զենք պահելու, ձեռք բերելու ու կրելու մեջ և վերջինիս դատապարտել էր չորս տարվա ազատազրկման:

Փաստաբանները նշում են, որ Ռուրուան իր տանը պաշտոնապես գրանցված զենքի հավաքածու ունի և նրան առաջադրված մեղադրանքները «սարքած» են որակում: Բացի այդ, գործում որպես վկա հանդես են գալիս միայն ոստիկանության աշխատակիցները:

Բացի այդ, մարտին «Մթավարի» հեռուստաալիքը ցուցադրել էր հարցազրույց՝ Պետական անվտանգության ծառայության նախկին աշխատակից Իվանե Գուլաշվիլիի հետ, որը խոստովանում է, որ իրեն հանձնարարել են հետևել կառավարության ընդդիմախոսներին: Գուլաշվիլին հաստատում է, որ նրա տեղաշարժին հետևելու համար նա տեղադրել է GPS նավիգատոր Ռուրուայի մեքենայի վրա: Այս հարցազրույցից հետո ՆԳ փոխնախարար Կախա Սաբանաձեն հրաժարական էր տվել, իսկ դատախազությունը սկսել էր հետաքննություն:

Ռուրուան պատիժը կրում է Գլդանիի բանտում, որտեղ մի խումբ կալանավորների կողմից նա 2021 թվականի նոյեմբերի 2-ին ծեծի էր ենթարկվել: Դրանից հետո կալանավորվել էին բանտի երկու աշխատակիցներ, որոնց մեղադրանք է առաջադրվել ծառայողական սառնասրտության համար:

Քաղբանտարկյալների ազատ արձակումը իշխող կուսակցության և ընդդիմության միջև 2020 թ. մարտի 8-ին կնքված համաձայնագրի կետերից էր: Իշխանությունների ընդդիմախոսների կողմից հնչեցրած ցուցակից միայն Ռուրուան էր մնացել անազատության մեջ:

Վրացական ընդդիմությունը Ռուրուային համարում է քաղբանտարկյալ և պահանջում է ազատ արձակել նրան: Եվրախորհրդարանի և ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ նույնպես կարծիք էին հայտնել, որ Ռուրուային պետք է համաներում շնորհվի:

Գիորգի Ռուրուան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանավարման շրջանում Վրաստանի մշակույթի նախկին նախարար, ՄԱՇ-ի նախկին առաջնորդներից մեկի՝ Նիկոլոզ Ռուրուայի եղբայրն է:

Մելիայի գոծը

Ինչ վերաբերում է Նիկա Մելիային, որը ՄԱՇ-ի նախագահ էր ընտրվել 2020-ի դեկտեմբերից, նրա դեմ հետաքննություն է ընթանում՝ կապված 2019-ի հունիսի 20-21-ի բողոքի ցույցերի հետ, որը հայտնի է նաև որպես «Գավրիլովի գիշեր»:

2019-ի ամռանը Մելիային մեղադրանք էր առաջադրվել՝ խմբակային բռնություն կազմակերպելու, այն ղեկավարելու կամ դրանում մասնակցելու մեջ: Հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը ընդդիմադիր քաղաքական գործչին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ թույլ տալով քննչական մարմնին դիմել դատարան՝ նրան ձերբակալելու միջնորդագրով:

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ ընդդիմադիրը մինչ հետաքննության ավարտը 30 հազար լարիի (9 հազար դոլար) գումարի չափով գրավի դիմաց ազատ արձակվեց: Բացի այդ, Մելիայի ձեռքին կապեցին էլեկտրոնային հսկիչ թևնոց և արգելեցին դուրս գալ տանից՝ առանց դատախազության թույլտվության:

2020-ի նոյեմբերի 1-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ցույցի ժամանակ, Մելիան ցուցադրաբար պոկեց և դեն նետեց թևնոցը, որն օգտագործվում էր նրա տեղաշարժը հետևելու համար: Այդ ժամանակ նա հայտարարեց, որ չի պատրաստվում թեւնոցը կրել, քանի որ այն «անարդարության խորհրդանիշ է»:

2020-ի ընտրություններում Մելիան վերընտրվեց որպես պատգամավոր, սակայն 10-րդ գումարման խորհրդարանի «Վրացական երազանք»-ի նրա գործընկերները՝ դատախազության պահանջով, կրկին քվեարկեցին Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:

Դրանից հետո դատախազությունը դիմեց դատարան՝ պահանջելով խստացնել Մելիայի նկատմամբ խափանման միջոցը: Միջնորդությունը մասամբ բավարարվեց: Գրավի գումարը ավելացվեց 40 հազար լարիով՝ դառնալով 70 հազար լարիի (այս գումարից 30 հազարը Մելիան արդեն վճարել էր ավելի վաղ): Մելիային նույնպես արգելվեց հատել պետական սահմանը՝ առանց նախնական ծանուցման և դատախազության համաձայնության:

Ընդդիմադիրը պետք է գումարը վճարեր սահմանված 50 օրվա ընթացքում, այսինքն` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը: Վրաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, գրավը կարող էր ապահովվել դրա չափին համարժեք անշարժ գույքով:

Գլխավոր դատախազությունը նշում է, որ համաձայն այն հայտարարագրի, որը Մելիան լրացրել էր 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, նա գրավը վճարելու համար ուներ բավարար միջոցներ, սակայն նա մինչ օրս այն չի վճարել: