Ախալքալաքի գավառագիտական թանգարանը հիմնովին վերանորոգվում է, անցկացվում է ջեռուցման համակարգ, վերանորոգվում է տանիքը, ինչպես նաև թանգարանի սենյակները:
Ախալքալաքի գավառագիտական թանգարանի վերանորոգումը ընթացքի մեջ է: Աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 25-ին: Գավառագիտական թանգարանի, Ազավրեթ և Կոթելիա գյուղերի մանկապարտեզների, Խավեթ գյուղի հանդիսությունների տան և Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի վերանորոգման աշխատանքների տենդեր-մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Մանասյանը 143 997 լարիով:
Գավառագիտական թանգարանում վերանորոգված է տանիքը, հիմնանորոգվում են 7 սենյակները, թանգարանի շենքը գազիֆիկացվում է, կառուցվել է կաթսայատուն, փոխվել են չորս դռները և շենքի բոլոր պատուհանները:
Վերանորոգման ժամանակահատվածում բոլոր ցուցանմուշները հավաքված են մեկ սենյակում: Ըստ թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանի, թանգարանում կա 4000-6000 ցուցանմուշ, այդ թվում, գրքերը:
«Մենք գոհ ենք աշխատանքներից: Քիչ է մնացել», – ասաց Սեդա Համբարյանը:
Ըստ շինարար Միհրան Գալոյանի, աշխատանքների ընթացքում որևէ խնդիր չի առաջացել:
«15 օրվա աշխատանքից հետո կավարտենք: Աշխատանքի կեսը արդեն արել ենք: Մենք նույնիսկ ժամանակից շուտ կավարտենք», – ասում է Միհրան Գալոյանը:
Վերջին անգամ թանգարանը վերանորոգվել է 2006 թ.-ին, սակայն մասնակիորեն: Շենքը չէր ջեռուցվում ձմռանը, ինչը թողնում էր իր բացասական ազդեցությունը ցուցանմուշների վրա, որոնք պահանջում են կայուն ջերմաստիճան: Ինչպես ասում է թանգարանի տնօրենը, կան ցուցանմուշներ, որոնք վնասվել են անհամապատասխան ջերմաստիճանի պատճառով:
«Տարվա ընթացքում ջերմաստիճանի տարբերության պատճառով հիմնականում վնասվել են ծղոտե ցուցանմուշները, հուսամ վերանորոգումից հետո ամեն ինչ կկարգավորվի », – ասաց Սեդա Համբարյանը:
Տեղի իշխանությունները միշտ ընդունում էին, որ ջեռուցման պակասը խնդիր է ցուցանմուշների պահպանության համար, սակայն այդ խնդիրը որոշեցին լուծել միայն այս տարի:
«Մենք միշտ ասում էինք, որ թանգարանը չունի պայմաններ բնականոն աշխատանքի համար, որ թանգարանի ցուցանմուշները կվնասվեն: Վերջապես, այս տարի ամեն ինչ լավ կլինի », – ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության մշակութային ծառայության, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդների հարցերով պետ Վալերի Ստելմաշովը:
Ըստ Վալերի Ստելմաշովի, տեղի բյուջեն անընդհատ չի հատկացնում ֆինանսական միջոցներ ցուցանմուշներ ձեռք բերելու համար, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է գտնել միջոցներ:
Շուշան Շիրինյան