Եկել է գարունը, դրա հետ մեկտեղ խոպանի սեզոնը, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետի արական սեռի բնակիչների մեծ մասը մեկնում է սեզոնային աշխատանքի։ Տասնամյակներ շարունակ Ախալքալաքի բնակիչները մեկնում են արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։ Ռուբլին արժեզրկվել է, մարդիկ տարակուսանքի մեջ են, մտածում են գնալ, թե ոչ, բայց միևնույն է մեկնում են, քանի որ այլընտրանք չեն տեսնում։
Օրական առնվազն մեկ երթուղային մեքենա խոպանչիներով, Լարսով գնում է Ռուսաստան։ Բազում մարդիկ էլ մեկնում են սեփական մեքենաներով, իրենց հետ տանելով ցանկացողներին, իսկ ոմանք էլ Հայաստանից ինքնաթիռով են թռնում։
Արդեն երկու տարի է, ինչ Վրաստանում ռուբլու փոխարժեքը նվազում է, չնայած անցյալ տարվա ամռան (2022 թ.) ռուբլու փոխարժեքի կտրուկ աճին, դեռ նկատվում է ռուբլու փոխարժեքի անկում։ Այս հանգամանքը Ռուսաստան աշխատանքի մեկնող տղամարդկանց ընտրությունը դժվարացնում է։ Չնայած Ռուսաստանում վերջին 2 տարում աշխատավարձերը բարձրացել են։
Ագանա գյուղից Գալուստ Մամրեյանը, չնայած ռուբլու փոխարժեքի անկմանը, մեկ ամսից պետք է մեկնի Ռուսաստան։
«Ամսվա վերջ կգնամ, սպասում եմ, որ կանչեն, այստեղ մնալու տարբերակ չկա, եթե որևէ տարբերակ լիներ, կմնայի: Այնտեղ ինչ էլ վաստակեմ, երկու անգամ ավելի լավ է, քան եթե այստեղ մնամ: Այստեղ ես հող չունեմ, որ մշակեմ, ուրիշ աշխատանք էլ չկա: Ճիշտ է, հիմա կուրսը ավելի ցածր է, բայց հուսով եմ, որ կբարձրանա: Աշնանը ռուբլին փոխանակել եմ 40-45 լարիով, ես չեմ պահում, ես ամեն ամիս հենց աշխատավարձս ստանում եմ, փոխանակում եմ լարիով, վարձատրվում ենք ամեն ամիս: Ես այնտեղ շինարարությամբ եմ զբաղվում»,- ասում է Գալուստ Մամրեյանը։
Մաքսիմը 12 տարի է, ինչ մեկնում է խոպան և ընտանիքը պահելու այլ ճանապարհ չի տեսնում։
«Այստեղ ես ոչ հող ունեմ, ոչ տեխնիկա, ես չեմ կարող զբաղվել հողագործությամբ: Այնտեղ որպես վարորդ եմ աշխատում: Ինձ վճարում են 150 հազար ռուբլի: Ստանում եմ և անմիջապես բանկում փոխանակում եմ լարիի, 1000 ռուբլին փոխանակել եմ 31 լարիով։ Վրաստանում գտնվող իմ ընտանիքն արդեն բանկից լարի է ստանում», – ասում է Մաքսիմը:
Օրջա գյուղից Սամվել Ակոջյանը վարկ է վերցրել բանկից և գնացել է Ռուսաստան, որ գումար վաստակի և վարկը փակի։ Հույս ունի, որ կկարողանա գումար վաստակել և մարել այն:
«Տղաս է իմ հողերը մշակում, երկուսով ինչ անենք, վարկ ունենք, տեխնիկա ենք առել: Վարորդ եմ աշխատում, դժվար աշխատանք չի, դեռ աշխատավարձ չեմ ստացել, բայց մտածում եմ, ինչ էլ ստանամ այստեղ (Ռուսաստանում) ինձ ձեռնտու է»,- ասում է Սամվել Ակոջյանը։
Ագանա գյուղից Խորեն Հովհաննիսյանը պատմում է, որ թոռնիկն այս տարի գնացել է Ռուսաստան, թեև նախորդ տարի աշխատած գումարը փոխարժեքի պատճառով «բանի տեղ չի բռնել»։
«Անցյալ տարի գնաց, դադարկ վերադարձավ, վաստակած գումարը լրիվ չէին տվել, ինչ էլ տվել էին, փոխանակեց, կուրսը քիչ էր, բանի տեղ չբռնեց, բայց այս տարի նորից գնաց: Դե մնան այստեղ ինչ անեն, աշխատանք չկա, դա լավ է, քան ընդհանրապես ոչինչ»,- ասում է Խորեն Հովհաննիսյանը։
Ագանա գյուղի բնակիչներից մեկն ասում է, որ մարդիկ արդեն գնում են ոչ միայն Ռուսաստան, այլ նաև այլ երկրներ, բայց գումարը նույնն է ստացվում։ Եվրոպայում ավելի շատ են ստանում, բայց այնտեղ էլ ծախսերն են մեծ։ Բացի այդ, Ռուսաստանում արդեն կան կապեր, ծանոթներ, ընկերություններ, որոնք աշխատանքի են կանչում։
«Միևնույն է, Ռուսաստան շատ են գնում: Արտերկրում 1000 եվրո են վճարում, բայց ծխախոտի մեկ տուփը 7 եվրո է: Նույն բանն է ստացվում»,- ասում է Ագանա գյուղի բնակիչներից մեկը։
Ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին ախալքալաքցիները դեռ շարունակում են արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան։ Անգամ նրանք, ովքեր ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ասում էին, որ մտածում են այս տարի չմեկնելու մասին, վերջում էլի գնում են։