«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, այսօր Իսանի կայարանի մոտից, ժամը 19։30-ից մեկնարկեց ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ամբոխը շարժվում էր հայրենասիրական երաժշտության ներքո՝ իր հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:
Վատ եղանակը չխանգարեց երթի մասնակիցներին հասնել Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ ներկաները աղոթեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ին երթ տեղի կունենա Ֆիլարմոնիայի դիմացից դեպի Թուրքիայի դեսպանատուն: