նորություններ 24 Ապրիլի, 2026 • Թբիլիսիում ապրիլի 24 անցավ առանց ամենամյա խաղաղ ցույցի

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ այս տարի իրենց թույլ չեն տվել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնել, որին ի պատասխան կազմակերպությունը հայտարարել է, որ հրաժարվում է Ապրիլի 24-ի ցույցը անցկացնել որևէ այլ վայրում, բացի Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքից, ըստ այդմ այս տարի՝ 2026 թվականի ապրիլի 24-ին Թբիլիսում խաղաղ ցույց չանցկացվեց:

2005 թվականից ի վեր, արդեն 20 տարի շարունակ ապրիլի 24-ին Թբիլիսիում, Թուրքիայի Հանրապետության դեսպանատան հարակից տարածքում անցկացվում էր խաղաղ ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ողբերգության, որը խլել է մեկուկես միլիոն հայերի կյանք և անջնջելի հետք թողել ողջ մարդկության պատմության վրա։

Վրաստանի հայ համայնքը պաշտոնապես դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան՝ խնդրելով թույլատրել հանրահավաքը ավանդական վայրում։ Սակայն մի քանի օր անց նրանց հետ հեռախոսով կապ է հաստատել Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ դիմումը մերժվել է՝ հնարավոր ռիսկերի կանխման նպատակով։

Կազմակերպությունը պահանջել է ներկայացնել մերժումը հաստատող պաշտոնական գրավոր փաստաթուղթ, սակայն սկզբից այն չեն ներկայացրել տարբեր պատճառներով, որոնցից մեկը եղել է նաև այն, որ քաղաքապետարանից ՆԳՆ փաստաթուղթ չի փոխանցվել։

Բազմակի դիմումներից հետո կազմակերպությունը ստացել է պաշտոնական պատասխան, ըստ որի հավաքների ազատության և հասարակական անվտանգության, տրանսպորտի անխափան աշխատանքի, ինչպես նաև այլ քաղաքացիների իրավունքների միջև հավասարակշռություն պահպանելու նպատակով ՆԳՆ-ն առաջարկել է վերանայել միջոցառման անցկացման վայրը։

Գրությունում մասնավորապես նշված է․

«Վրաստանի «Հավաքների և մանիֆեստացիաների մասին» օրենքի համաձայն, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարտավոր է պահպանել հավասարակշռություն հավաքների և մանիֆեստացիաների ազատության և այն անձանց իրավունքների միջև, ովքեր ապրում, աշխատում կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում այն վայրերում, որտեղ անցկացվում է հավաք կամ մանիֆեստացիա։ Այդ անձանց չպետք է խոչընդոտվի շարունակել իրենց գործունեությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նաև պարտավոր է պահպանել հավասարակշռություն հավաքների և մանիֆեստացիաների ազատության և հասարակական անվտանգության, իրավակարգի, տրանսպորտի և քաղաքացիների անխափան տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև։
Այդ նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը իրավասու է դիտարկել հավաքի կամ մանիֆեստացիայի անցկացման ժամանակի և/կամ վայրի կամ երթուղու փոփոխման նպատակահարմարության հարցը։

Համապատասխանաբար, հաշվի առնելով ձեր կողմից նշված վայրի տեղադրությունը և առանձնահատկությունները, հավաքի անցկացումը կարող է հանգեցնել վերոնշյալ նորմով սահմանված պահանջների խախտման հավանականությանը, ուստի խնդրում ենք դիտարկել միջոցառման անցկացման վայրի փոփոխման նպատակահարմարությունը»։

Կազմակերպությունը, սակայն, նման մոտեցումը գնահատում է որպես ոչ թափանցիկ և ուշացած որոշումների արդյունք։ Նրանց կարծիքով՝ քաղաքացիների իրավունքներին առնչվող որոշումների նման ընթացակարգը չի համապատասխանում իրավական պետության սկզբունքներին և կարող է խաթարել պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։

Վրաստանի հայ համայնքի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վրաստանը տարիներ շարունակ ներկայացել է որպես ժողովրդավարական պետություն՝ հիմնված մարդու իրավունքների, խոսքի ազատության և օրենքի գերակայության վրա։ Կազմակերպությունն ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունները նույնպես պետք է ունենան խաղաղ և ազատ կերպով իրենց դիրքորոշումը արտահայտելու հնարավորություն։

Միաժամանակ հայտարարվում է, որ միջոցառման վայրը փոխելու տարբերակը ընդունելի չէ, և ավանդական հավաքը չի անցկացվի Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքից բացի որևէ այլ վայրում։

«Մենք նաև կոչ ենք անում համապատասխան պետական մարմիններին՝ ապահովել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, հավաքների և խոսքի ազատությունը և գործել թափանցիկության և օրենքի գերակայության շրջանակներում», — նշված է տարածված հայտարարության մեջ:

Այս տարվա ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումները Թբիլիսիում առանձնացան նաև համեմատաբար քիչ մարդկան մասնակցությամբ, ինչպես նաև ավելի քիչ ելույթներով ջահերով երթի ժամանակ: Երեկ անցկացվեց ավանդական ջահերով երթ, սակայն տարիներ շարունակ երթերին մասնակցելով և լուսաբանելով Jnews-ը նկատեց, որ տարեց տարի մասնակիցների թիվը նվազում է, Թբիլիսիում անցկացվող այս միջոցառմանը մասնակիցների մեջ գերակշռում են Ջավախքից ուսանողները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝