Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու բակում կատարվել է Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ՝ ի պատիվ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի։ Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մոմ վառեցին Սուրբ նահատակների հիշատակի համար։
Կարգը կատարեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը: Խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Փալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։
Քաղաքապետարանի, սակրեբուլոյի և պետական այլ կառույցների աշխատակիցները նույնպես ծաղիկներ խոնարհեցին խաչքարին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Քաղաքի տարբեր դպրոցներից հարյուրավոր դպրոցականներ և ուսուցիչներ ևս ծաղիկներով եկել էին Սուրբ Խաչ եկեղեցու բակ՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ներկա էր նաև Ախալքալաքի վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Հայր Ալեքսանդրը։
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Հազարավոր մարդիկ այսօր այցելում են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու քսաներորդ դարասկզբի ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերին: Ցեղասպանության ժամանակ «ցաքուցրիվ» եղած հայերը հաստատվել ու ապրում են աշխարհով մեկ, և ամեն տարի այս օրը հայերը պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունն այն երկրներում, որտեղ ապրում են, պահանջում են պատմական արդարություն։
Ցեղասպանության թեման այն խնդիրներից է, որը ընդհանուր ելակետ է համայն հայության համար։ Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումն այն երկրի կողմից, որի քաղաքացին և բնակիչն է հայը, միշտ մնում է նրա համար կարևոր հարց։ Մինչ օրս աշխարհի ավելի քան 30 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ բոլոր 50 նահանգները պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Վրաստանն այն երկրների թվում է, որոնք դեռ չեն ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն։






