Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում, — իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի»,- ասել է Փաշինյանը, նշելով, թե չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա.
«Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր»,- ասել է Փաշինյանը:
«Մենք ունենք պետություն և խաղաղություն: Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա: Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կմ տարածքից դուրս: Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար»,- Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում ասել է վարչապետը:
Բազմահազար մարդիկ այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:
Լուսանկարը՝ արխիվից։



