Վիրահայերի Միության գրասենյակում երեկ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի խորհրդարանում գենդերային հավասարության կոմիտեի ղեկավար Նինո Ծիլոսանիի, Թբիլիսիի սակրեբուլոյի էթնիկ փոքրամասնությունների խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվիլիի և պատգամավոր Ռիմա Բերաձեի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերի մասին:

Հանդիպմանը Նինո Ծիլոսանին շեշտը դրեց հատկապես կանանց իրավունքների, առողջապահության համակարգում նրանց ունեցած հնարավորությունների և այդ հարցերում կոմիտեի կատարած աշխատանքի վրա՝ նշելով, որ պետական ծրագրերը տարեց տարի շատանում և ավելի բարելավվում են՝ հասանելի դառնալով բոլորի համար:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև Ջավախքում առկա խնդիրների, տեղեկատվության պակասի, ինչպես նաև կարծրատիպերի մասին, որոնք խանգարում են կանանց լիարժեք ազատ ապրելուն: Jnews-ի հարցին, թե ինչքանով են կենտրոնում տեղյակ շրջանում եղած բացերի և խնդիրների մասին, Ծիլոսանին նշեց, որ բազմիցս այցելել է Ախալքալաք և տեղում ծանոթացել խնդիրներին: Նա վստահ է, եթե համապատասխան աշխատանքներ տարվեն, ապա վիճակն ավելի կսկսի բարելավվել:

handipum 2

Բացի այդ նա պատրաստակամություն հայտնեց ինֆորմացիոն հանդիպումներ անցկացնել թիրախային խմբերի հետ և մանրակրկիտ ներկայացնել պետական ծրագրերի և դրանց մասնակցության ձևերի մասին:

«Պատրաստ ենք հանդիպումների միջոցով իրազեկել կանանց իրավունքների, ընտանեկան բռնությունների ինչպես նաև վերարտադրողական առողջության և կանանց տնտեսական զարգացման մասին: Բացի այդ, կարող ենք նաև մոբիլիզացված բժիշկների խմբի օգնությամբ խորհրդատվություններ անցկացնել և կենտրոնից հեռու ապրող կանանց ծանոթացնել տարբեր ծրագրերի հետ, որոնք ստեղծված են հենց իրենց համար»,- ասաց Ծիլոսանին:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ սա հնարավորություն է մի կողմից ավելի լավ ծանոթանալու մարտահրավերների հետ, մյուս կողմից տեղեկատվություն տրամադրելու:

Իսկ արդեն հանդիպման ավարտին Վիրահայերի Միության ղեկավար Մարի Առաքելովան հուշանվերներ փոխանցեց հանդիպման խոսնակներին:
handipum 1

Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ արդյունավետ մթնոլորտում: