Վրաստանի Ազգային բանկը կարող է ավելի քան 25 միլիոն դոլար ծախսել նոր գլխամասային գրասենյակի կառուցման վրա: Ընդդիմությունը մատնանշում է հնարավոր կոռուպցիոն գործարքի մասին, երկրի վարչապետ Գիորգի Գախարիան կասկածի տակ է առել թանկարժեք նախագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը:
Վրաստանի ազգային բանկի նոր գլխամասային գրասենյակի շինարարության ենթադրյալ արժեքը 50 միլիոն լարի է (մոտավորապես 17 միլիոն դոլար): Արդեն հայտնի է, որ նոր գրասենյակը կտեղավորվի մոտավորապես 17 հազար քմ տարածքի վրա:
«Ազգային բանկն անկախ մարմին է: Նրա շենքի կառուցման համար բյուջեից ոչ մի թեթրի չի ծախսվում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս չափսի ռեսուրսը չպետք է ծախսվի նույնիսկ կարգավորող մարմնի՝ Ազգային բանկի շենքի կառուցման վրա: Կարծում եմ, որ այս քաղաքում հնարավոր է կառուցել այնպիսի շենք, որը կարժենա մի փոքր ավելի էժան», – լրագրողներին հայտարարել է Գախարիան:
Ներկայումս ՎԱԲ-ի գլխամասային գրասենյակը գործում է Թբիլիսիի Արդարադատության տանը: Ազգային բանկում նոր շենք կառուցելու անհրաժեշտությունը բացատրվում է նրա կադրային քաղաքականությամբ, հայտարարվում է աշխատողների թիվը մեծացնելու ծրագրերի մասին: Ինչպես նշում են ՎԱԲ-ից, վերջին երկու տարիների ընթացքում նրանց գործառույթներն զգալիորեն աճել են, ինչը պահանջում է համապատասխան ռեսուրս, և այդ հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարը:
Ակնկալվում է, որ նոր շենքի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 3-4 տարի:
«Մթավարի արխի» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ՎԱԲ-ը Թբիլիսիի կենտրոնում ձեռք է բերել 25 միլիոն լարի (ավելի քան 8,4 միլիոն դոլար) արժողությամբ հողատարածք: Այն տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել նոր գրասենյակը, գտնվում է ներդրումային գոտում` կրկեսից ոչ հեռու:
«Պետական ռեսուրսները ուղղորդվում և 25 միլիոն լարի ծախսվում է միայն հողատարածքի վրա, այնուհետև` ևս 50 միլիոն լարի միայն շենքը կառուցելու համար: Իհարկե, այս ամենը նորմալ չէ: Մենք խոսում ենք 75 միլիոնանոց ծախսի մասին, որը պետք է հոգա Ազգային բանկը՝ հարմարավետ միջավայր ստեղծելու համար… Բիզնեսը ստիպված է լրացուցիչ 25 միլիոն վճարել հողատարածքի համար: Հիշեցնենք, որ պետական հաշվեկշռում կան բազմաթիվ հողատարածքներ, որոնք կարելի է փոխանցվել 1 լարիով», – հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Միասնական ազգային շարժման» անդամ, Թբիլիսիի Սակրեբուլոյի (քաղխորհուրդ) պատգամավոր Լևան Խաբեիշվիլին:
«Մթավարի արխի»-ին պնդում է, որ այլ հանգամանքներն էլ են մատնանշում այս գործում հնարավոր կոռուպցիոն գործարքի մասին: Մասնավորապես, լրագրողները պարզել են, որ ՎԱԲ-ը նոր շենքի կառուցման համար ձեռք բերված հողատարածքի սեփականատերերից մեկը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված ընկերությունն է հանդիսանում:
Այս ընկերությունը նախկինում ունեցել է լուրջ ֆինանսական խնդիրներ: Հողատարածքի ձեռքբերման մասին համաձայնագրի պայմաններով` ՎԱԲ-ը պարտավորվել է օգնել նրան մարել պարտքերը: «Մթավարի արխի»-ին ենթադրում է, որ ՎԱԲ-ը «փրկարար օղակի» դեր է խաղացել օֆշորային ընկերության համար, քանի որ նրա ղեկավարությունը մոտ է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Նյութը՝ «Новости Грузия»-ից