Ախալքալաքի տարածքում Վրաստանի պետական դրոշի տեղադրման աշխատանքների գնման մրցույթը կայացել է, այս պահին ընթանում է ընտրության և գնահատման գործընթացը։ Դրոշը կտեղադրվի Ախալքալաքի բերդի տարածքում:
Մրցույթը հայտարարվել էր մարտի 27-ին, առաջարկների ընդունումն ավարտվել էր ապրիլի 7-ին։ Մրցույթի նախնական գինը կազմել է 19479 լարի՝ առանց ԱԱՀ-ի։ Այս գումարը ներառում է 20 մ ցինկապատ դրոշակաձողը՝ տեղադրման դետալներով: Դրոշն ինքնին կլինի 4X6 չափսի։
Մրցույթը նախկինում շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Դայանա Մանուկյանը, ով առաջարկել է 17 750 լարի։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի օրակարգում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեի ճշգրտման հարցը։ Ի թիվս այլ փոփոխությունների կար նաև Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության 2023 թվականի մարտի 21-ի նամակի հիման վրա Ախալքալաքի տարածքում 20 մետրանոց Վրաստանի դրոշը տեղադրելու խնդրանքի քննարկումը, որի համար պետք է հատկացվեր 22 987 լարի։ Քննարկման ժամանակ որոշվել է դրոշը տեղադրել Ախալքալաքի բերդի տարածքում։
Նշենք, որ նույնատիպ դրոշ է տեղադրվելու նաև Նինոծմինդայում։ Այնտեղ մրցույթի արժեքը կազմել է 23000 լարի՝ ներառյալ ԱԱՀ։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հովսեփյանը՝ 20 132 լարիի չափով։ Երկու քաղաքներն էլ կունենան նույնանման դրոշներ։