Ջավախքի որոշ գյուղերի անվանումները տարբեր են գրվում պետական ու շրջանային փաստաթղթերում: Ցուցանակների վրա հնարավոր է երրորդ տարբերակ, իսկ գյուղացիներն իրենք իրենց գյուղն այլ կերպ են անվանում: Ջավախքում ընթանում է գյուղերի անվանումների ճշգրտման գործընթաց, որի ավարտից հետո Ճանապարհային դեպարտամենտը նոր ցուցանակներ կտեղադրի այն վայրերում, որտեղ անհարժեշտ է:

«Առաքալի» գյուղի ցուցանակը

Նինոծմինդայի Ծալկայով Թբիլիսի տանող ասֆալտապատ ճանապարհի աջ ու ձախ կողմերին ընկած բոլոր գյուղերը ցուցանակներ ունեն, սակայն դրանց մեջ ուշադրություն է գրավում Դիդի Առաքալի ցուցանակը: Համաձայն գիտական կոնֆերանսի նյութերի՝ Սուլխան-Սաբա Օրբելիանիի ներկայացրած տարբերակի Առաքալի գյուղի անունը նշանակում է խախողի որթատունկ կամ այս բառի պատմական նշանակությամբ՝ տարածված որթատունկեր: Ինչպես նաև, նախկինում այս բառն օգտագործել են՝ ոռոգում կամ ոռոգման ջրատարներ իմաստով:

Սակայն գյուղացիներն ասում են՝ լուրջ չընդունեք, սա ընդամենը Մեծ Արագյալ գյուղի վրացերեն տարեբակն է, որը թարգմանաբար նշանակում է՝ կին չկա:

kanayk ankin gyuxum

Սարգիսը մեր ճշգրտող հարցին հումորով է պատասխանում:

«Առանց կնիկմարդ: Փոխել են վրացերեն են գրել՝ առաքալի, իրենք այդպես են ուզել, մեզ հարցնող չկա: Ում ասում ենք, որ սխալ է գրված, բոլորը լռում են, քարին ասել ես, իրենց էլ ասել է: Բայց մեր գյուղի իսկական անունն Արագյալ է: Եղավ երեք տարի ցուցանակը ջարդված է, բայց ոչ-ոք ուշադրություն չի դարձնում», – ասում է Սարգիս Սանոսյանը:

araqali

Պարզվում է գյուղացիներից մի քանիսը նույնիսկ չեն նկատել իրենց գյուղի ցուցանակը: Նրանք զարմացած են և մեզանից են լսում, թե պաշտոնապես ինչպես է գրվում գյուղի անվանումը:

«Որտեղից են որոշել, որ առաքալի են գրել, վրացերեն գ տառը չկա, որ ք են գրե՞լ: Ի՞նչն է պատճառը», – ասաց մի կին:

Ի տարբերություն երիտասարդների ու կանանց, գյուղի տարեց բնակիչները լավ գիտեն իրենց բնակավայրի անվան պատմությունը, որը լսել են նախնիներից:

«Հիմա ամբողջությամբ փոխել են՝ Առաքալի, բայց ես գիտեմ ու լսել եմ մեծերից, որ մեր գյուղը եղել է մետաքսյա ճանապարհի վրա, այստեղով են անցել Հնդկաստան, Եվրոպա տանող ուղիները: Նրանք, որ եկել են, տեսել են այս տարածքը անտառ է եղել և շատ վայրի խոյեր: Հնդկերեն խոյ նշանակում է արագըլ: Չգիտեմ դա իրական է, թե ոչ, բայց այս պատմությունը լսել եմ մեծերից: Եկան փոխեցին գյուղի անվանումը, կնիքով ամեն ինչով, բայց բնակիչներին մի բերան չհարցրին»,- պատմեց Մեծ Արագյալ գյուղի բնակիչ Մ. Դալիբալթյանը

gyux xoy

Նույն գյուղի բնակիչ Սրափ Հարությունյանն ուրիշ բացատրություն ունի:

«Չգիտեմ, որ լեզվից թարգմանվում է երկար գետ», – ասում է Սրափը: Միաժամանակ հավելում. «Գյուղում 70 ջահել տղա կա, որ ամուսնացած չեն, երևի (ծիծաղում է) դրա համար են գյուղի անունը գրել՝ կին չկա»:

Չնայած բնակիչների դժգոհություններին, սա այն սակավաթիվ գյուղերից է, որի անվանումը համընկնում է Հանրային ռեեստրի, Կրթության և գիտության նախարարության և Նինոծմինդայի մունիցիպալիտետի տվյալների բազաներում, ինչպես նաև գյուղի ցուցանակին: Ճիշտ է ցուցանակը ջարդված է:

2008-2009 թվականներին իրականացվեց գյուղերի անվանումների ճշգրտում և որոշ գյուղերի անուններ սկսեցին այլ կերպ գրվել, ոչ այնպես, ինչպես արմատավորված էր բնակչության շրջանում: Հիմա նորից ճշգրտման գործընթաց է գնում:

«Գյուղերի անվանումները հիմնված են պատմական տվյալների վրա: Պրոֆեսոր Մերաբ Բերիձեն խորը ուսումնասիրություն ունի, մենք օգտվել ենք նաև նրա տվյալններից: Հիմա ճշգրտման գործընթաց է գնում և մենք տվյալներն ուղարկել են Լեզվի պալատ, որպեսզի նրանք ուսումնասիրեն և հաստատեն, որից հետո կուղարկենք Ճանապարհային վարչություն, որ նրանք էլ իրենց հերթին տեղադրեն նոր ցուցանակներ», – ասում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի տարածաշրջանային նախագծերը կոորդինացնող ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն:

Կրթության նախարարության տվյալների բազայում և պաշտոնական փաստաթղթերում Ախալքալաքի շրջանի գյուղերի անվանումները գրվում է՝ Կուլիկամ, Մոդեգամ, Ղադոլար, Չամդուրա, Զակ, այս անվանումներն արմատավորված է նաև բնակչության շրջանում, իսկ Հանրային ռեեստրը նույն գյուղերը գրում է՝ Գուլիկամ, Մոդեգա, Ղադո, Չամձռվալա, Զակվի և այլն:

Նինոծմինդայի քաղաքապետարանի տվյալների բազայում շրջանի գյուղերի անվանումները գրվում է հետևյալ կերպ.

Ասպարա, Ռոդիոնովկա, Տամբովկա, Վրադիմիռովկա, Փոկա, Գանձա, Սաղամո, Դիդի Առաքալի, Պատառա Առաքալի, Սաթխա, Գորելովկա, Եֆրեմովկա, Օրլովկա, Ժդանովի, Սամեբա, Սպասովկա, Դիդի Խանչալի, Պատառա Խանչալի, Հեշտիա, Թորիա, Ուճմանա, Ղաուրմա, Դիդի Գոնդրիո, Դիլիֆի, Պատառա Գոնդրիո, Ղուլալիսի, Մամծռվալա, Պատառա Խորենիա, Ջիգրաշենի:

Ախալքալաքում գյուղերին հետևյալ անվանումներն են տալիս:

Ցուցանակն անցորդին ասում է՝ Սաթխե, իսկ քաղաքապետարանն ու գյուղացիները՝ Սաթխա, պաշտոնական տվյալները՝ ռեեստրում և կրթության համակարգում համաձայն են ցուցանակի հետ: Կամ հակառակը՝ Մամզարա կամ Նամզարա անունով հայտնի գյուղի իսկական անվանումն ըստ քաղաքապետարանի՝ Մամծռվալա է: Իսկ մնացած տեղերում արդեն տառի կռիվ է՝ Կրթության նախարարությունն ընդունում է Մամցվառա, իսկ Հանրային ռեեստրը՝ Մամզվառա:

satxa

Ախալքալաքի ոչ բոլոր գյուղերին է բախտ վիճակվել ցուցանակ ունենալ, թեկուզ սխալներով: Ցուցանակներ ունեն, միայն այն գյուղերը, որոնք գտնվում են պետական ու միջպետական ճանապարհի հարևանությամբ: Օրինակ. Ախալքալաք-Բակուրիանի ճանապարհի վրա մեծ ցուցանակը հուշում է, որ սլաքի ուղղությամբ երեք գյուղ կա՝ Խուլգումո, Կ(Գ)ուլիկամ, Կարտիկամ, հետո այլևս ցուցանակ չկա, որ անցորդին հուշի որտեղ է վերջանում մի գյուղը և սկսվում մյուսը: Իսկ որոշ տեղերում դեռ կանգուն են մնացել սովետական ժամանակներում տեղադրված ցուցանակները:

cucanak
Հին ցուցանակն՝ անհամեմատ նոր Կարծախի մայրուղու վրա

Բայց ոչ բոլոր գյուղերը, որոնք հենց գյուղի մուտքի մոտ ցուցանակ ունեն, կարող են վստահ լինել, որ իրենց հնարավոր է գտնել: Օրինակ. Ցուցանակի վրա վրացերենով և անգլերենով գրված է՝ Բագաշեն, այն դեպքում երբ մունիցիպալիտետը չունի նման գյուղ, բայց ունի Բուղաշեն: Իմիջայլոց, սա նույնպես «երջանիկ» գյուղերից է, որի անվանումը բոլոր պետական գերատեսչություններում համընկնում է:

Ցուցանակներ տեղադրում է այն ընկերությունը, որը սպասարկում է մայրուղիները: Ախալքալաքի մունիցիպալիտետում այդ գործով զբաղվում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Սակայն ընկերությունից չպատասխանեցին մեր ոչ մի հարցի: Ճանապարհային դեպարտամենտում ևս մեզ կոնկրետ պատասխան չտվեցին, ասելով, որ տվյալները ճշտվում են:

Վրացերեն՝ Չամձռվալա, հայերեն՝ Չամդուրա, իսկ ցուցանակը՝ ռուսերեն

Այս գյուղում բնակիչները վստահեցնում են՝ նա, ով գիտի մեր գյուղի ճիշտ անունը, ապա հանգիստ կարող է մասնակցել՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Եղանակը տաք է, խանութի շրջակայքը բազմամարդ, նրանք հանգիստ զրուցում են: Jnews-ի լրագրողի հարցը՝ ինչպես է ձեր գյուղի անունը միանգամից իրարանցում է առաջացնում: Բոլորն շտապում են պատասխանել ու իրենց տարբերակը ներկայացնել:

rerexa

Գյուղի բնակիչներից մեկը հիշում է, առաջին անգամ Չամձռվալա տարբերակը կարդացել է 1990-ական թվականներին զինքարտեզի վրա ու զարմացել:

«Ամենուր օգտագործվում է Չամդուրա, հիմա մեր բոլոր փաստաթղթերում այդպես է, հիմա ասում են ճիշտը Չամձռվալա տարբերակն է: Չգիտենք, երբ են փոխել, մեր կարծիքը ոչ ոք չի հարցրել»,- ասում է տեղաբնակներից մեկը:

Համաձայն նույն գիտական կոնֆերանսի նյութերի՝ նախկինում Չամդուրան անվանվել է Չամձռվալա, ավելին Վրաստանում այս անվամբ 3 բնակավայր է եղել: Հետագայում, երբ հայերը գաղթել են Արևմտյան Հայաստանից և բնակություն են հաստատել այս վայրում, անվանել են՝ Չամդուրա, որովհետև դժվար է Չամձռվալա արտասանությունը:

chamdura

Իսկ ինչու գյուղը ցուցանակ չունի հարցին գյուղում նշում են՝ մեր գյուղը հայտնի գյուղ է, այսպես թե այնպես մեզ բոլորը գիտեն: Կարտոֆիլագործության հայրենիքը Չամդուրան է:

«Բոլոր փաստաթղթերում Չամդուրա է գրում, միայն ինտերնետով է, որ ուզում ես Չամդուրա նշել փոխարենը Չամձռվալա է բերում», – պատմում է գյուղապետը հավելելով, որ իրենց գյուղի անվանումը գալիս է տարածքի նկարագրությունից չամ և դուրան՝ հարթ բառերից:

cucanak

Մարինա Գաչեչիլաձեն ասում է, որ սա պատմական գյուղ է և պաշտոնական կոչվում է Չամձռվալա:

Եթե վերոնշյալ երկու գյուղերում «լուռ անտարբերություն» են ցուցաբերում իրեն գյուղերի անվանափոխություններին, ապա Զակ գյուղում սա շատ ցավոտ թեմա է: Գյուղի տրաֆարետը երկու լեզվով է՝ վրացերեն և անգլերեն: Վրացերենով գրված է Զաքվի, որը բառացի թարգմանությամբ նշանակում է գոմեշ: Գյուղի երիտասարդները ճանապարհաեզրին տեղադրված տրաֆարետի վրայից ջնջել են վերջին տառերը, թողնելով Զակ:

Հնուց մինչև վերջին մի քանի տարիները բացառապես ամբողջ թղթաբանության, պաշտոնականից մինչև հասարակ նամակագրության մեջ Զակ տարբերակն է կիրառվել:

«Չգիտենք, ովքեր բայց բռնել մեր գյուղի անունը փոխել են, իրենք լավ գիտեն, թե՞ մենք»,- ասում է գյուղի բնակիչը:

Բանն այն է, որ արդեն մի քանի անգամ է Զակ գյուղի տրաֆարետը փոխվում է: Հարցին, թե ինչու եք ջնջում տրաֆարետից որոշ տառեր, երիտասարդներից մեկը պատասխանեց. «Եթե ձեր անունը մի անգամ սխալ ասեն, կասեք՝ լավ, երկրորդ, երրորդ անգամ չեք դիմանա ու կուղղեք: Նույն բանն է, հիմա իրենք սխալ են գրում, մենք էլ չենք ալարում, ամեն անգամ ուղղում ենք»,- ասում է բնակիչներից մեկը:

Պատկան մարմինները

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահը Jnews-ի հետ զրույցում ասաց.

«Ես գամգեբելի էի, երևի 2009 կամ 2008 թվականներն էր, մեզ գրություն եկավ, որ գյուղերի անվանումները ճշգրտվելու են: Այն ժամանակ մեզանից ցուցակ ուզեցին, մենք էլ ուղարկեցինք, ինչպես կա, նույն՝ Չամդուրան, Գիմբիրդան և այլն: Մեր գաղափարով, մեր իմացած ու օգտագործած անվանումներում, առանց իկի-ների, հետո ցուցակ եկավ: Գյուղ կա շատ չէ փոխված մի տառ կամ երկու, գյուղ էլ կա ամբողջովին փոխված է: Շատ անգամ գյուղացիները վիճում են, որ իրենց գյուղի ցուցանակը չկա կամ սխալ է գրված»,- պատմում է Նաիրի Իրիցյանը:

Սակրեբուլոյի նախագահի խոսքերով շրջանային իշխանությունները մինչ օրս որևէ նախագիծ չեն իրականացրել կապված գյուղերում տեղանունների ցուցանակների տեղադրման ուղղությամբ:

«Մենք նման նախագիծ չենք ունեցել: Այսօրվա դրությամբ տեղական իշխանությունը նման հասկացողություն չունի, որ մի գյուղում տրաֆարետ դրած լինի»,- ասաց Նաիրի Իրիցյանը:

gyux

Ըստ էության, տարիներ շարունակվող գյուղերի անվանումների ճշգրտման երկարատև գործընթացը և բնակիչների ներգրավված չլինելը դրանում, հանգեցնում է վերևում գրվածին: Մնում է միայն հուսալ, որ այս անգամ կորած ցուցանակները կհայտնվեն իրենց տեղերում:

Աղունիկ Այվազյան