«Վերին Լարս» անցակետի աշխատանքը վերականգնվել է բոլոր տեսակի մեքենաների համար, բացառությամբ վրացական տրանզիտային համարանիշներով մեքենաների։

Այս մասին Jnews-ին հայտնել են Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր փոխադրումներ իրականացնող վարորդները։

Վերջիններս նշում են, որ տեղեկությունը ստացել են սահմանակետի ներկայացուցիչներից։ Այսպիսով, այս պահին կարող են անցնել հայկական համարանիշներով, վրացական համարանիշներով, հայկական տրանզիտային համարանիշներով, բայց ոչ վրացական տրանզիտային համարանիշներով մեքենաները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայության մաքսային ծրագրերի վրա հաքերային հարձակման պատճառով ապրիլի 10-ից Վերին Լարսով երթևեկությունն արգելափակվել էր։ Տեխնիկական խնդիրների պատճառով սահմանը հատում էին միայն ռուսական պետհամարանիշներով մեքենաները, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին հսկայական հերթում էին կանգնել արտասահմանյան և տրանզիտային համարանիշներով մեքենաները։ Ապրիլի 12-ի՝ ժամը 17.00-ի դրությամբ, արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։