Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կան բազմաթիվ գյուղեր, որոնց բնակիչներն ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, քան հողագործությամբ։ Այդ մարդկանցից շատերը կաթը հանձնում են, չեն վերամշակում։ Ինչու են նրանք նախընտրում կաթը հանձնել, ինչու իրենք չեն մշակում իրենց առաջնային արտադրանքը, Jnews-ը փորձել է դա պարզել՝ զրուցելով Ջավախքի տարբեր գյուղերի անասնապահների հետ։
Ջավախքում կան գյուղեր, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Դրանք հիմնականում սահմանամերձ գյուղերն են, որտեղ վարելահողերը քիչ են, իսկ արոտավայրերն ավելի շատ։ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների գյուղերի բնակիչները թեև գոհ չեն վերամշակող գործարաններին վաճառվող կաթի գնից, այնուամենայնիվ, նրանք նախընտրում են կաթը հանձնել, քան վերամշակել։
Վերջին տարիներին կաթի գինը բարձրացել է, և ներկայումս կազմում է 1,80 լարի։
Գրիգոր Ավետիսյանը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի գյուղից, ունի 12 կով: Կաթը հանձնում է 1,80 լարիով։ Նա կարծում է, որ գինը ցածր է, պետք է լիտրի համար լինի առնվազն 2 լարի, որպեսզի շահութաբեր լինի հանձնելը։
«Ավելի ձեռնտու է կաթը ինքդ վերամշակես, բայց հետո էլ վաճառքի հետ կապված խնդիրն է առաջ գալիս: Տեղում շատ պանիր չես կարող վաճառել, պետք է մեծ քաղաքներ տանել: Ձեռնտու է, որովհետև 1 կգ պանիրը վաճառում ես 18 լարիով, շիճուկը քեզ է մնում, հետո դրանով կերակրում ես անասուններին»,- ասում է Գրիգոր Ավետիսյանը։
Եզեկ Մարաբյանը նույնպես կաթի գինը ցածր է համարում, բայց ասում է, որ վերամշակման համար նույնպես մեծ գումարներ է պետք ծախսել։
«Մեր գյուղում բնական գազ չունենք, պանիր պատրաստելու համար մի բալոն գազ է պետք, պետք է գնալ քաղաք, որ բալոնը լիցքավորես, թանկ է ստացվում: Ինձ համար ձեռնտու է կաթը հանձնել»,- ասում է Եզեկ Մարաբյանը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղերն ավելի շատ են, քան Ախալքալաքում, քանի որ նրանք քիչ վարելահողեր ունեն։ Գորելովկան այդ գյուղերից մեկն է, որտեղ ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է։ Գյուղացիներն իրենց կաթը վաճառում են կաթնամթերք արտադրողներին:
Գորելովկա գյուղից Մնացական Բաբաջանյանը ունի 10 կով: Նրա խոսքով, այդ կովերին պահելն ավելի թանկ է նստում, սակայն իր վերամշակված կաթնամթերքն իրացնելու հնարավորությունների բացակայության պատճառով այն վաճառում է 1,8 լարիով։
Գոչա Աբուլաձեն 7 կով ունի: Նա եւս նպատակահարմար չի համարում իրացման շուկաներ փնտրելը։
«Մենք պետք է շուկա գտնենք, իսկ նրանք արդեն գտել են»,- ասում է Գոչա Աբուլաձեն։
Գորելովկա գյուղում պանրի և կաթնամթերքի 5-6 արտադրող կա։ Կաթ մատակարարողների համար այս գործարանները նպաստավոր պայմաններ են ստեղծել, վաղաժամկետ վճարման տեսքով։
«Նախօրոք մենք գումարը վերցնում ենք, այդ իսկ պատճառով էլ կախված ենք նրանցից, մենք ինքներս ենք մեղավոր, բայց այլ կերպ չենք կարող, կամ ընտանիքում հիվանդ կա, կամ պետք է կարտոֆիլը ցանել, պարարտանյութ գնել, հավաքել, մեզ միշտ փող է անհրաժեշտ: Մենք ուրիշ գործ չունենք, մինչև մի պարտքն ենք փակում, մյուսն ենք վերցնում: Խոտն էլ ենք առնում, այն էլ տարեցտարի թանկանում է, մեր արոտավայրերը շատ քիչ են»,- ասում է Շաքրո Մկրտչյանը։
Գուրգեն Ալվանջյանն ունի 12 կով: Նա չի ցանկանում կաթը հանձնել, այլ փորձում է ինքնուրույն մշակել այն։ Նրա խոսքով, իրեն թույլ չեն տվել շուկայում պանիր վաճառել՝ գտնելով տարբեր պատճառներ։
Պանրի 1 կգ-ն արժե 18 լարի։ Բոլոր գյուղացիները պնդում են, որ պանիր պատրաստելն ավելի ձեռնտու է, քան կաթն արտադրողներին հանձնելը։ Բայց ոմանք իրացման շուկա չեն գտնում, ոմանք վերամշակումը թանկ են համարում բնական գազ չունենալու պատճառով, նաև այլ պատճառներով շարունակում են կաթը հանձնել… Իսկ մասնավոր գնորդները, կախված սեզոնից, կաթը գնում են 2 կամ 3 լարիով։