Վրաստանի ժամանակակից դպրոցը զարգացնում է երկրի քաղաքացիներին, սովորեցնում նրանց իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես դրսևորել իրենց այս կամ այն իրավիճակում, ինչ է նշանակում ապահարզան և գենդերային հավասարություն, նաև շատ ավելին՝ «Ես և հասարակությունը» կամ «Քաղաքացիական հասարակություն» առարկայի միջոցով։ Այնուամենայնիվ, հաճախ որոշ խոչընդոտների պատճառով այս առարկան կարող է չտալ ցանկալի արդյունքներ:
Թիվ 4 հանրային դպրոցի աշակերտների գործունեությանը կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում, մասնավորապես ուսուցչուհի Ռուզաննա Երեմյանի էջերում, որտեղ նա կիսվում է իր սաների հաջողություններով և իր ղեկավարած Քաղաքացիական ակումբի գործունեությամբ։
«Այս թեմայի կարևորությունը կայանում է նրանում, որ մենք զարգացնում ենք իսկական քաղաքացիներ, ովքեր գիտեն իրենց պարտականությունները, իրենց իրավունքները, գիտեն այն երկրի մասին, որտեղ ապրում են: Գիտեն օրենքները որոշակի չափով: Ակտիվությունները կարևոր են, որոնք ոչ միայն դպրոցների պատերի ներսում են, այլև այդ պատերից դուրս, օրինակ՝ քաղաքապետարանում, սակրեբուլոյում, դատարանում: Զուգահեռ դասեր ենք վարում ոստիկանության հետ՝ ՆԳՆ-ի և ԿԳՆ-ի նախագծով, արդեն 3-րդ տարին է: Այս դասերն ես անում եմ որպես նախարարությունների կողմից ընտրված ուսուցիչ: Այս ծրագրի շրջանակներում մենք նախագիծ գրեցինք, և դպրոցը գնեց գունավոր տպիչ և տպեցինք տեղեկատվական բուկլետներ»,- պատմում է Ռուզաննա Երեմյանը:
Քաղաքացիական կրթությունը ոչ միայն դասագրքերից տեքստերն են, դասեր, որոնք հարկավոր է սովորել, այլև ակտիվություններ, որոնք իրականացվում են հենց աշակերտների կողմից: Նախագծեր գրելիս, ամեն ինչում նրանց օգնում են ուսուցիչները, ուստի շատ կարևոր է, որ դպրոցներում լինեն պատրաստված, ակտիվ ուսուցիչներ։
«Շատ կարևոր է, որ ուսուցիչները պատրաստված լինեն, քանի որ մեր դասերը դասագրքերից դուրս են անցնում: Սկզբում մեզ կարծիքներն են հետաքրքրում, հետո դասերն ենք անցկացնում, իսկ վերջում երեխաները համոզվում են իրենց կարծիքի մեջ»,- ասում է Ռուզաննա Երեմյանը։
Սեդա Մելքումյանը, բացի այն, որ հանդիսանում է քաղաքականությունում ակտիվ կանանցից մեկը, նաև Սակրեբուլոյի պատգամավոր լինելուց, նա նաև գալիս է ոչ իշխանական ոլորտից, ինչպես նաև Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի «Քաղաքացիական կրթություն» առարկայի ուսուցչուհի է։ Ինչպես ինքն է ասում, տեղական և միջազգային տարբեր հասարակական կազմակերպություններում իր փորձն օգնում է ավելի բանիմաց լինել քաղաքացիական կրթության ասպարեզում։
«Քաղաքացիական հասարակությունն այն առարկան է, որը նախքան դպրոցներում ուսուցիչների թեստավորումը հումանիտար առարկաների դասաժամերը լրացնելու համար էր, հիմա, ինչի համար շատ ուրախ եմ, ուսուցիչների համար կան առարկայական քննություններ: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է աշխատի իր գիտելիքները բարելավելու և նոր հմտություններ ձեռք բերելու համար, իսկ երբ դասավանդում են հավաստագրված ուսուցիչներ, մասնագետներ, բնականաբար այս ժամանակ արդյունքն ապահովված է»,- ասում է քաղաքացիական կրթության ուսուցչուհին։
Նա դասավանդում է ավագ դասարաններում և հատկապես գոհ է նոր դասագրքերից։
Չնայած այն հանգամանքին, որ տեղի է ունենում ուսուցիչների զուգահեռ ատեստավորում, վերապատրաստումներ և տարաբնույթ ակտիվություններ, սակայն հաճախ հասարակության մեջ՝ դպրոցականների շրջանում, նկատվում է քաղաքացիական կրթության պակաս։ Այդ մասին են վկայում ամուսնության նպատակով աղջիկների տնից հաճախակի փախուստները, աղջիկների ինտիմ լուսանկարների տարածումը, ինչի համար տարածողները քրեական պատասխանատվության են ենթարկվում։ Հենց նման պահերին ուսուցիչները վստահ են, որ այս առարկան անհրաժեշտ է, որը սովորեցնում է ոչ միայն անվտանգություն համացանցում, այլ նաև ինչպես և ում դիմել, եթե քո դեմ հանցագործություն է կատարվել։
«Այս թեման օգնում է նման հանցագործությունների զոհերին բացվել: Հակառակ դեպքում երեխան պարփակվում է իր մեջ: Շատ կարևոր է, որ ուսուցիչները խոսեն այս թեմաների մասին՝ ամուսնություն, աղջիկ փախցնելը, այդ թվում նաև՝ ինչպես վարվել սոցիալական ցանցերում: Երեխաները տեղյակ են այդ մասին, այնուամենայնիվ, կա մի բացասական կողմ, լավ չէ լինել նաև չափից շատ տեղեկացված: Մենք անցնում ենք կիբերհանցագործությունների մասին էլ, և մենք ավելի շատ ենք աշխատելու դրա վրա և անցնում ենք նաև հոդվածները, որոնք վերաբերում են այս հանցագործություններին, մենք ասում ենք, որ չի կարելի ուղարկեք անձնական լուսանկարներ, չի կարելի ոչ մեկին վստահել»,- ասում է Ռուզաննա Երեմյանը։
Մեկ այլ ուսուցչի՝ Սեդա Մելքումյանի խոսքով, եթե երեխային տվյալ առարկան չի հետաքրքրում, դա կարող է նշանակել, որ նրան ճիշտ չեն դասավանդում:
«Քանի որ այս առարկան մեծ պահանջարկ ունի: Ես վերապատրաստումների ժամանակ հանդիպում եմ բազմաթիվ ուսուցիչների և գրեթե բոլորը վստահեցնում են, որ երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում դասերին: Եթե կան նշաններ և փաստեր, որ այս առարկան ճիշտ չի դասավանդվում, ապա ծնողները պետք է դիմեն դպրոցի ղեկավարությանը, որպեսզի ուսուցիչը պատրաստված մտնի դասարան, ունենա իր թեմատիկ պլանը»,- ասում է Սեդա Մելքումյանը։
Այս առարկաների դասագրքերում երեխաները հեշտ և մատչելի կերպով ծանոթանում են բազմաթիվ թեմաների, որոնք երբեմն նույնիսկ ծնողների համար դժվար է բացատրել իրենց երեխաներին, օրինակ՝ ինչ է ամուսնալուծությունը և ինչպես են բաշխված պարտականությունները ընտանիքում, ինչ է բուլինգը, սեռի և գենդերային տարբերության, շրջակա միջավայրի, առողջ ապրելակերպի և այլնի մասին: Արդյունքում երեխաներն ավարտում են դպրոցը և հասուն կյանք մտնում ոչ թե կուրորեն, ինչպես նախկինում էր, այլ տեղեկացված։
«Այս առարկան ամենակարևոր սկիզբն է հանդիսանում Վրաստանի քաղաքացու դաստիարակության համար: Բացի օրենսդրական դաշտից, իրավունքներից և պարտականություններից, կա նաև բավականին ծավալուն հատված՝ մարդ և տնտեսություն, ինչ է շուկան, ինչ է գինը, ինչ փոխազդեցություններ ունեն իրավունք լինելու, բարտերից ընդհուպ մինչեւ կրիպտոարժույթ եւ այլն»,- ասում է Թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Սեդա Մելքումյանը։
Սեդա Մելքումյանի խոսքով՝ շատ ծնողներ, ովքեր մինչ Covid-19-ի տարածումը այդքան էլ լուրջ չէին վերաբերվում այս թեմային, սկսել են հետաքրքրվել դրանով և նույնիսկ օնլայն դասերի ժամանակ նստել են ու լսել դասը։