«Լելո» կուսակցության պատգամավոր Աննա Նացվլիշվիլին և ընդդիմադիր պատգամավոր Արմազ Ախվլեդիանին Վրաստանի խորհրդարանում «Հրատեխնիկայի արգելքի մասին» օրենքի նախագիծ են նախաձեռնում։
Օրինագիծը նախատեսում է հրատեխնիկայի ներմուծման, պահպանման, վաճառքի և օգտագործման արգելք, բացառությամբ F1 կատեգորիայի պիրոտեխնիկայի, որն ունի 1 մետր կամ պակաս անվտանգ հեռավորություն և կարող է օգտագործվել փակ տարածքում, իսկ հրատեխնիկայի այլ կատեգորիաների օգտագործումը կթույլատրվի միայն կառավարության հրահանգով՝ միանվագ, միմիայն հատուկ դեպքերում։
«Օրինագծի ընդունումից հետո հրատեխնիկայի ապօրինի օգտագործման համար ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն համապատասխանաբար 1000 և 5000 լարիով։ Հրատեխնիկան արգելող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա վերջին մեկ տարվա ընթացքում վարչական տույժի ենթարկված անձի կողմից պիրոտեխնիկական արտադրանքի ապօրինի ներմուծումը, պահպանումը, վաճառքը և (կամ) օգտագործումը կառաջացնի քրեական պատասխանատվություն: Ինչպես պարզաբանվում է, մարդիկ այսօր անվերահսկելիորեն օգտագործում են հրատեխնիկան զվարճանքի համար, ինչը հաճախ հանգեցնում է իրենց կամ ուրիշների առողջությանը լուրջ վնասների։
Մինչ օրինագծի պատրաստումը նախաձեռնողներն ուսումնասիրել են գործող կարգավորումների կատարման հետ կապված իրավիճակը, այդ թվում՝ անչափահասներին հրատեխնիկայի վաճառքի արգելքի հարցը, սակայն գործնականում իշխանություններից ստացված տեղեկատվության դիտարկումն ու ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործող կանոնակարգերն իրականում չեն կատարվում: Նախաձեռնողների խոսքով՝ իրենք խորհրդակցել են նաև բնապահպանական կազմակերպությունների հետ և ուսումնասիրել տարբեր պետությունների պրակտիկան՝ կապված հրատեխնիկայի օգտագործման հետ։ Ինչպես բացատրում են պատգամավորները, օրինագծի համար հիմք է հանդիսացել նաև Խորհրդարանական հետազոտությունների կենտրոնի կողմից Վրաստանում և ԵՄ երկրներում հրատեխնիկայի հետ կապված իրավիճակի և օրենսդրության վերաբերյալ պատրաստված ուսումնասիրությունը»,- նշում են օրինագծի նախաձեռնողները։