«Ամեն ինչ անելու ենք, որ «հինգերորդ շարասյունը» չկարողանա հասնել իր նպատակներից որևէ մեկին։ «Հինգերորդ շարասյան» նպատակը երկիրը քանդելն է, պատերազմի մեջ ներքաշելը։ Դուք արդեն մեկ անգամ կործանել եք երկիրը, և մենք թույլ չենք տա, որ այն կործանեք երկրորդ անգամ», – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի հարցին, որը վերաբերում էր երկրի անվտանգությանը։
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, երկրում անցյալը հետ բերելը ցնականում է այսպես կոչված հինգերորդ շարասյունը, բայց դա տեղի չի ունենա:
Մեր քաղաքական ուժը շատ բան է արել եվրոպական ճանապարհին: Ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտուրը, առանց վիզայի ռեժիմը, եվրոպական հեռանկարը այն բարեփոխումների արդյունքն է, որ մենք իրականացրել ենք, և հիմա սպասում ենք թեկնածուի կարգավիճակին։ Թշնամին այն մարդն է, ով արհեստական պատնեշներ է ստեղծում մեր երկրի, մեր ժողովրդի համար, որպեսզի երկիրը կարգավիճակը չստանա։ Թշնամանքը կայանում է նրանում, որ համագործակցության փոխարեն արմատական ընդդիմությունը կազմակերպում է սաբոտաժ, բոյկոտ։ Թշնամանքն այն է, երբ Բրյուսելում քո գործընկերներն ակտիվորեն օգտագործում են լոբբիստ-թևարկուներին՝ կանխելու երկրին թեկնածուի կարգավիճակի շնորհումը: Թշնամանքն այն է, երբ ինքը՝ Սաակաշվիլին, Բաքրաձեն և մյուսները մեկնեցին Բրյուսել, որպեսզի երկիրը չստանա առանց վիզայի ռեժիմ։ Սա թշնամանք է, և այս թշնամության մեջ դուք ունեք կոռումպացված լոբբիստներ, որոնց կաշառել եք, և որոշ եվրախորհրդարանականներ, ովքեր հաջողությամբ կատարում են այս պատվերը: Սա ուղղակի թշնամանք է մեր երկրի ազգային շահերի դեմ։ Մեր կառավարությունն ամեն ինչ անում է: Պատասխանեք՝ ի՞նչ եք անում դուք Ձեզ վերաբերող միակ հանձնարարականի առումով, ի՞նչ եք անում բևեռացումը նվազեցնելու համար։ Ոչինչ, ընդհակառակը, դուք ամեն ինչ անում եք երկրում ավելի մեծ լարվածություն ստեղծելու համար, և դուք նույնպես այս դավադրության մասնակիցն եք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, երկիրը կպաշտպանի ոչ թե փաստաթուղթը, այլ ճիշտ քաղաքականությունը:
«Թեոնա Աքուբարդիան ինձ հարցնում է հայեցակարգային փաստաթղթերի մասին, որոնք, իր տեսանկյունից, կստեղծեն անվտանգության երաշխիքներ և կպաշտպանեն բնակչությանը։ Երկիրը պաշտպանվելու է ոչ թե փաստաթղթով, այլ իշխանությունների ճիշտ, խելամիտ քաղաքականությամբ, որը մենք իրականացնում ենք, և ոչ թե ձեր չմտածված, ոչ խելամիտ և արդեն փորձված ապակառուցողական քաղաքականությամբ, որը մեր երկիրը կործանում է ու կործանել է։
Ուզում եմ ձեզ ասել, որ բացի Ռուսաստանից եկող սպառնալիքներից, գլխավոր մարտահրավերը Վրաստանում «հինգերորդ շարասյան» գործողություններն են։ Ամեն ինչ անելու ենք, որ «հինգերորդ շարասյունը» չկարողանա հասնել իր նպատակներից որևէ մեկին։ «Հինգերորդ շարասյան» նպատակը երկիրը քանդելն է, պատերազմի մեջ ներքաշելը։ Դուք արդեն մեկ անգամ կործանել եք երկիրը, և մենք թույլ չենք տա, որ այն կործանեք երկրորդ անգամ»,- ասել է Ղարիբաշվիլին։