Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացատրում է բանակի վերաբերյալ մեծ աղմուկ առաջացրած իր հայտարարությունը՝ ասելով, որ «մենք բանակ չունենք» արտահայտությունը պարզապես ոճական ձև էր և ոչ մի կերպ չի վերաբերում վրացական բանակին:

Դեկտեմբերի 10-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում հյուրընկալելով գիտության ոլորտի մարդկանց, հայտարարել է, որ. «Մենք չունենք ոչ բանակ, ոչ զենք և ոչ էլ կունենանք: Չունենք նաև հզոր տնտեսական ներուժ՝ տարածաշրջանը գրավելու համար, սակայն ունենք շատ ուժեղ զենք, որի անունն է գիտություն, կրթություն, մշակույթ»:

«Իմ ելույթն ամբողջովին մշակութային տարածքում էր և մշակութային հաստատությունների մասնակցությամբ: Այս հայտարարությունը որևէ կերպ չէր վերաբերում վրացական բանակին: Դա պարզապես ոճական ձև էր, հռետորաբանության մի մաս, բայց այստեղ (Վրաստանում) կարծես թե քիչ հայտնի է նման ոճը», — ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի հայտարարությունը զայրացրել է ընդդիմությանը: Որոշ քաղաքական գործիչներ առաջարկել են նախագահի իմպիչմենտը: Լուրջ քննադատություն եղավ նաև իշխող կուսակցության կողմից: Երկրի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ արեց «բոլորին ներողություն խնդրել բանակից»:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ասել էր, որ վրացական բանակը հզոր է: Նա նաև ընդգծել էր, որ նախագահի հայտարարությունը հստակեցման և պարզաբանման կարիք ունի։

Հարկ է նշել, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում բացատրում էր, որ ելույթը «նվիրված էր ազգային գաղափարախոսությանը և մշակույթին» և «որևէ կերպ կապված չէր վրացական պաշտպանական ուժերի հետ»: Իսկ Զուրաբիշվիլին ինքը սոցցանցերում դժգոհում էր ահաբեկումից: