Վրաստանի խորհրդարանը «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվել էր երկու ընթերցմամբ՝ երրորդ ընթերցմամբ կրկին երկրորդ ընթերցման է վերադարձրել։
Ինչպես խորհրդարանի լիագումար նիստում պարզաբանել է իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, պատճառը Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն է։
«Մեր խնդիրն է շարունակել փաստաթղթի հանձնաժողովային քննարկումը և հստակեցնել այն հարցերը, որոնք, ըստ Վենետիկի հանձնաժողովի, պետք է հստակեցվեն և ճշգրտվեն», – ասել է Անրի Օխանաշվիլին:
Խորհրդարանը նոյեմբերին երկրորդ ընթերցմամբ՝ հոդված առ հոդված, քննարկեց և ընդունեց «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը մշակվել է ուկրաինական օրենքի օրինակով՝ համանման բովանդակությամբ և, ըստ էության, կրկնում է ուկրաինական օրենքի նորմերը։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ապա իր գնահատմամբ՝ հրապարակային հայտարարությունների ֆոնին, ապաօլիգարխացման մասին վրացական օրինագիծը մեծ ռիսկ է պարունակում, որ ընդունումից հետո այն կտարածվի ընդդիմության վրա։
Վենետիկի հանձնաժողովի միջանկյալ կարծիքում նշված է, որ ապաօլիգարխացման հարցում կա երկու մոտեցում. Առաջինը համակարգված մոտեցում է, որն ունի կանխարգելիչ ազդեցություն և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, ինչպիսիք են ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրությունը, հակամենաշնորհը, քաղաքական կուսակցությունները, ընտրությունները, հարկերը, կոռուպցիայի դեմ պայքարը և փողերի լվացումը:
Երկրորդ՝ «անձնական» մոտեցումը, որն ուղղված է այն մարդկանց, ովքեր կարող են որակվել որպես «օլիգարխ», ըստ որոշակի չափանիշների (հարստություն, լրատվամիջոցների սեփականություն)։ Այս մոտեցումը սահմանափակում է այդ մարդկանց՝ տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքի վրա ազդելու հնարավորությունը:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքով, «անձնական» մոտեցումն ավելի պատժիչ է, և կարող է հանգեցնել մարդու մի շարք իրավունքների խախտման, եթե չկա դատական գործընթացի համապատասխան մակարդակի երաշխիք։
Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ նախընտրում է համակարգված մոտեցում, մինչդեռ Վրաստանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը հենվում է «անձնական» մոտեցման վրա։
«Վենետիկի հանձնաժողովն ավելի շատ հակված է համակարգային մոտեցմանը, որը ներառում է տարբեր ոլորտներում աշխատող օրենսդրության և ինստիտուտների ամրապնդում և հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցության և փոխօգնության համար»,- ամփոփել է Վենետիկի հանձնաժողովը։
Վենետիկի հանձնաժողովը կտրականապես չի մերժում «անձնական» մոտեցման բոլոր տարրերը, սակայն նշում է, որ նման մոտեցումը պահանջում է ուժեղ ընթացակարգային երաշխիքներ՝ կանխելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության խախտումները։