Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեք մարդ տուժել է Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում։ Երեքն էլ տեղափոխվել են կլինիկա, միջին տարիքի կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Մահացածը գտնվում էր Խեչինաշվիլի անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես հայտնում են կլինիկայից, տուժածի վնասվածքներն
անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Դեպքի վայրից Խեչինաշվիլի անվան կլինիկա են տեղափոխել երեք տուժածի։ Երկուսի վիճակը կայուն է։
Ինչպես հայտնի է, պայթյունը սկզբում տեղի է ունեցել մահացածի բնակարանում, որին հաջորդել է հրդեհը։
Ականատեսների խոսքերով, շենքի երեք հարկերը վնասվել են բնական գազի արտահոսքի հետևանքով։
«Բնական գազի պայթյուն է եղել։ Փորձաքննության և ուսումնասիրությունների արդյունքներով կարելի է ասել, որ պայթյունը բնական գազի արտահոսքի հետևանք է։ Հրդեհը մարվել է, հրշեջներն արագ են աշխատել։ Մի քանի մարդ տուժել է և վիրավորվել։ Այս փուլում ամենակարևորն այն է, որ տեղական իշխանությունները տարհանեն տուժած ընտանիքներին, նրանց տրամադրեն ժամանակավոր բնակարաններ և ստուգեն շենքի կայունությունը»,- ասում է Բեսիկ Դոնաձեն։
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարական ծառայությունը շարունակում է աշխատանքները։ Այս դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Տեղի բնակիչների խոսքերով՝ նախօրեին շենքի գազամատակարարումն ընդհատվել էր պլանային աշխատանքների պատճառով։