«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունման դեմ անցկացվող ցույցերում ակտիվ մասնակցում էին նաև ազգությամբ հայ ուսանողները։ Նրանք միացել են իրենց համալսարանական ընկերներին: Էդիկ Քամալյանը նրանցից մեկն է, որ օրեր շարունակ մասնակցել է բողոքի ցույցերին:

Ուղիղ հինգ օր Իլիայի պետական համալսարանի ուսանող Էդիկ Քամալյանը փողոցում պայքարում էր, որպեսզի Վրաստանի խորհրդարանը չընդուներ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը: Նա իրեն պատկերացնում է քաղաքական ոլորտում և իր ընտրած մասնագիտությունը նույնպես խոսում է այդ մասին: Նա սովորում է քաղաքական գիտություննրի բաժնի 2-րդ կուրսում։

Ասում է՝ եթե նույնիսկ այլ մասնագիտություն ընտրած լիներ միևնույն է կմասնակցեր ցույցերին:

«Առաջին հերթին Վրաստանի քաղաքացի լինելն է ինձ համար մոտիվացիա հանդիսացել, որ մասնակցեմ այս ցույցերին։ Ես գիտակցում եմ, որ եթե ընդունվեր Ռուսաստանում գործող այս օրենքը մեզանից յուրաքանչյուրը շատ մեծ վնաս կկրեր այս ամենից։ Հարաբերությունները կլարվեր Եվրոպայի հետ և Վրաստանը ոչ միայն կզրկվեր Եվրամիություն մտնելու թեկնածուից կարգավիճակից, այլ նաև այն բոլոր հնարավորություններից, որոնք մեզ տրամադրվում է Եվրամիության և այլ երկրների կողմից։ Վրաստանում ապրելն ու այստեղ կրթություն ստանալն արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք պարտավոր ենք աջակցել այսպիսի իրավիճակներում: Դրա համար իմ ներդրումն ունեցա այս ամենի կանխագելման գործում։ Եթե ընդունվեր օրենքը, մենք շատ հարցերում զարգանալու փոխարեն, հետընթաց կապրեինք», – Jnews-ի հետ զրույցում ասաց Էդիկ Քամալյանը։

Օրենքի ընդունման դեպքում ուսանող Էդիկ Քամալյանին առավել անհանգստացնում էր այն, որ սահմանափակվում էր մարդկանց կրթական հնարավորությունները՝ արտերկրից պարբերաբար տրամադրվող կրթաթոշակներից զրկվելը և ապագայի համար Եվրամության հետ գործունեություն ծավավելու հեռանկարներ չտեսնելը։ Նա կարծում է, որ քաղաքական ասպարեզում Վրաստանը դեռ շատ աճելու տեղ ունի և դրան հասնելու լավագույն տարբերակը դեմոկրատիայի համար պայքարելն է։

«Սա առաջին ցույցն էր, որին իմ կյանքում երբևէ մասնակցել եմ։ Ընկերներիս և շրջապատիս նույնպես խրախուսում էի, որ միանան մեզ։ Շատերը մերժում էին, քանի որ վտանգավոր էր այդպիսի ոչ խաղաղ պայմաններում իրականացվող ցույցերին մասնակցելը։ Վտանգ իսկապես կար, ես նույնպես գիտակցում էի, որ այդտեղ գտնվելով կարող էի վնասվել, քանի որ ցույցերի արդյունքում քաղաքացիական ակտիվիստներից տուժածներ կային։ Բայց ես չդադարեցի մասնակցել»,- նշում է նա:

Ցույցերին մասնակցելը Էդիկը համարում է իր քաղաքացիական պարտքը հայրենիքին՝ Վրաստանին։ Նա Եվրոպան ասոցացնում է ազատության և բարգավաճման հետ, որտեղ մարդու իրավունքներն ամենաբարձր արժեք են:

«Հիմա շատ մեծ հպարտություն եմ զգում, որ կարողացանք համախմբվել և պայքարել ապագա եվրոպական Վրաստանի համար։ Եթե լինենք համախմբված ցանկացած դժվարություն կարող ենք հաղթահարել և դա ապացուցվեց հենց օրենքի մերժումով։ Սա իսկապես շատ մեծ հաղթանակ էր մեզանից յուրաքանչյուրի համար։ Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը Վրաստանի բարելավման հետ կապված ցանկացած հարցում, որտեղ կլինի իմ անհրաժեշտությունը՝ թեկուզ և շատ չնչին մասով», – ասում է Էդիկ Քամալյանը։

Հիշեցնենք, որ «Օտարերկրյա գործակալների» փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։

Թբիլիսիում բողոքի ակցիաներ անցկացվեցին, երբ խորհրդարանը մարտի 7-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Զանգվածային բողոքի ցույցերից հետո Վրաստանի խորհրդարանը հետ կանչեց «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։

Ժաննա Չոգանդարյան
Լուսանկարը՝ JNEWS-ի արխիվից