««Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծն առանց ընդունման ավելի մեծ արդյունքների բերեց, քան կարող էր բերել անգամ ընդունմամբ», – հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեն ամփոփել է Վրաստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները: Մասնավորապես, «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման նախաձեռնության «արդյունքների» վերաբերյալ ասել է.
«Նախ՝ բոլորն ընդունեցին, որ գործակալ լինելն ամոթալի է՝ անկախ նրանից, թե դու ում գործակալն ես՝ Հյուսիսի՞, Արևմուտքի, Հարավի՞, թե՞ Արևելքի։ Եվ նաև հասարակությունն այժմ ավելի լավ է կարողանում տարբերակել օտարերկրյա ազդեցության գործակալներին և մարդկանց վրա ազդեցության գործակալներին: Բոլորին պարզ դարձավ, որ այն կազմակերպությունները, որոնք փորձեցին իրականացնել Բակուրիանի ծրագիրը, պահանջում էին կառավարության հրաժարականը, փորձում էին խարխլել եկեղեցու հեղինակությունը, ԼԳԲՏ քարոզչություն էին իրականացնում, դեմ էին երկրի էներգետիկ անկախությանը և այլն։ Նրանք իրականում ոչ թե վրաց ժողովրդի, այլ արտաքին ազդեցության գործակալներ են»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ անցած շաբաթ իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին իրենց մարդասիրական դեմքը:
«Դրա ևս մեկ արտահայտությունն օրինագծի հետկանչն էր այն ժամանակ, երբ իրավապահ կառույցներն ունեին լիակատար իշխանություն և բարոյական գերազանցություն բռնի ընդդիմադիր խմբերի նկատմամբ», – ասել է Կոբախիձեն: