Այս փուլում Վրաստանի կառավարությունը չի քննարկում «պարետային ժամը» մեղմելու հնարավորությունը, որն արգելում է ցանկացած տիպի տեղաշարժ՝ ժամը 21:00-ից մինչև 05: 00-ն: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Թուրնավան ընդգծում է, որ դրա համար պահանջվում է լուրջ վերլուծություն և քննարկում: Նա ասում է, որ նախքան տեղաշարժի սահմանափակման մեղմացումը կամ վերացումը, կառավարությունը պետք է քննարկի բիզնեսի այն ոլորտների գործունեության վերսկսման հարցը, որոնք դեռ չեն կարող շարունակել իրենց աշխատանքը: Այդպիսիների թվում նա անվանել է մարզական կենտրոնները և մանկապարտեզները:
«Ամենանշանակալի քայլերից մեկը տեղաշարժի սահմանափակումն է: Ես դա չէի անվանի պարետային ժամ: Այս միջոցառման շնորհիվ է, որ այսօր մենք կարող ենք խոսել սահմանափակումների մեղմացման մասին:
Անկասկած, այս սահմանափակիչ միջոցառումը դրական արդյունք տվեց ինչպես այլ երկրներում, այնպես էլ Վրաստանում: Դրա վերացմանը կամ մեղմացմանը պետք է նախորդի շատ մեծ վերլուծություն: Դեռևս դա չի քննարկվում:
Հիմա մենք քննարկում ենք հաջորդ քայլերը, քանի որ դեռ մնացել են բիզնես-ոլորտներ, որտեղ մենք չենք մեղմացրել սահմանափակումները: Դեռևս մենք չենք կարողացել բացել մանկապարտեզները, ֆիթնես-ոլորտը, սպորտային հաստատությունները: Մենք հավանաբար առաջնահերթ կքննարկենք այս ոլորտները: Մենք միջքաղաքային տրանսպորտը և գիշերային ժամերին սահմանափակումները կքննարկենք ավելի ուշ», – հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ «պարետային ժամը» Վրաստանում գործում է անցյալ տարվա նոյեմբերից: