Նախատեսվում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ռազմական թեմայով մի քանի տեսարաններ նկարահանել ամերիկյան ֆիլմի համար։ Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, գեղարվեստական ֆիլմի ամենախոշոր դրվագներից մեկի նկարահանման համար ընտրվել է մայրաքաղաքի օդանավակայանի հին տերմինալի տարածքը, որտեղ հոկտեմբերի 21-22-ը երկու օրվա ընթացքում կտեղաշարժվի հատուկ զինտեխնիկա և զինվորական համազգեստ հագած դերասաններ։
«Նախագիծն իրականացվում է «Նկարահանեք Վրաստանում» պետական ծրագրի աջակցությամբ, իսկ Վրաստանում ծախսվելիք դրա բյուջեն կազմում է 13 մլն լարի։
Ամերիկյան լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրա աշխատում են հոլիվուդյան դերասանները, ռեժիսորն ու օպերատորը։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ աշխատանքի է տեղավորվել Վրաստանի ավելի քան 200 քաղաքացի։
Վրաստանում ծրագրված նկարահանումները տարբեր վայրերում կտևեն 36 օր»,- նշված է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության հրապարակած տեղեկատվության մեջ։