«ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի պայմանագրի ժամանակն է»,- այս վերնագրով հոդված է հրապարակել «Financial Times»-ը:
Հոդվածի հեղինակն է Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջեյմս Բաքուսը: Բաքուսն ԱՄՆ-ի կոնգրեսի նախկին անդամ է, ինչպես նաև գլխավորել է համաշխարհային առևտրի կազմակերպության վճռաբեկ խորհուրդը:
Ջեյմս Բաքուսը հոդվածում ԱՄՆ-ին կոչ է անում, հզորացնել աջակցությունը Սև ծովի և Պարսից ծոցի միջև գտնվող երկրների նկատմամբ:
«ԱՄՆ-ի Սիրիայից զորքը դուրս բերելու մասին անսպասելի և անհեռատես որոշումից հետո, երբ ավելանում են կասկածները, պատրաստ է արդյոք ԱՄՆ-ը լինել այն երկրների կողքին, որոնք Վաշինգտոնին աջակցում էին արևելքի և հարակից շրջաններում, կա համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտություն այն երկրների հետ, որոնք գտնվում են Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Դրանցից մեկը Վրաստանն է: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայացուցչության և դրական ազդեցության ամրապնդման ուղիներից մեկը ԱՄՆ-Վրաստան առևտրի պայմանագրի ձևակերպումն է»,- գրում է «Financial Times»-ը:
Ինչպես նշում է հեղինակը, «ԱՄՆ-ը դրական կերպով պետք է պատասխանի Վրաստանի առաջարկին` սկսել բանակցություններ ազատ առևտրի պայմանագրի շուրջ:
Հեղինակի հայտարարությամբ, Վրաստանը ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, «գտնվում է արևմուտքի և արևելքի անտեսանելի խաչմերուկում և անկախության օրից մինչ օրս ձգտում է դեպի ԱՄՆ և Եվրոպա»:
Հոդվածում նշված է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու կողմնակից է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Վրաստանը բավարարում է ազատ առևտրի պայմանագիր կնքելու համար Թրամփի կողմից անվանված բոլոր նախապայմանները: 2018 թվականին ներկայացուցիչների պալատը հաստատել է Վրաստանին աջակցող օրենք և ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչին խորհուրդ տվել, իրական քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի բանակցություններն սկսելու շուրջ: Օրենքը պետք է ընդունեն կոնգրեսի երկու պալատները և այնուհետև ստորագրի նախագահը»,- գրում է հեղինակը: