Մարտի 9-ին, ժամը 12։00-ին Վաչիան գյուղի մշակույթի տանն անցկացվեց «Պարատոն» միջոցառումը, որին մասնակցում էին Ախալքալաքի և Ասպինձայի շրջանի գյուղերի պարային խմբերը։
Այսօր Վաչիան գյուղի մշակույթի տան բակը մարդաշատ էր։ «Պարատոնը» համախմբել էր մի քանի գյուղերի պարային խմբեր, այդ թվում՝ Կարծախից, Բարալեթից, Դամալայից, Վաչիանից և Ախալքալաքի առաջնորդարանի «Զարթոնք» պարային համույթները։
«Պարատոն»-ի նախաձեռնողը «Վաչիան» պարային համույթն էր, հիմնադիր տնօրեն Նասլեթ Քեյանի գլխավորությամբ։
«Ինչո՞ւ «Պարատոն», որովհետև «Վաչիան» պարային համույթը և «Զարթոնք»-ն ամռանն անցկացրեցին պարի օրեր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, որին աջակցում էր Առաջնորդարանը: Որպեսզի մարդիկ չմոռանան սովորածը, դրա համար որոշեցինք շարունակել», – ասում է պարուսույց Նասլեթ Քեյանը:
Նասլեթը նշում է, որ սա նաև շատ լավ առիթ է, որպեսզի երեխաները ծանոթանան, կապ հաստատեն միմյանց հետ։
Երեխաները հանդես եկան իրենց իմացած պարերով, այնպես էլ նոր պարեր սովորեցին։
«Այսօր պարելու ենք մեր կարգախոսի համաձայն երկու ազգի պարեր՝ թե հայկական, թե վրացական։ Կպարենք՝ «Բուլուլ», «12 ոտք», «Սեբաստիայի պար», «Կտկտիկ», «Էջմիածին», «Պապուրի» և այլն:
Պարուսույց Նասլեթ Քեյանի խոսքով՝ այս միջոցառումը պետք է շարունակական բնույթ կրի։
«Իմ ծրագրի մեջ է մտնում, որ որտեղ ունենք խմբեր, հենց գյուղերում զարգացնենք այսպիսի փառատոններ, ինչու՞, որովհետև քաղաքներում մարդիկ միշտ գնում են, տեսնում են, իսկ գյուղերում մեծ թվով մարդ հավաքելը շատ դժվար է, իսկ ես ուզում եմ, որ գյուղերում մշակութային կյանքը զարգանա: Որպեսզի մարդիկ ոչ թե վախենան պարից, այլ պարեն ու զգան, որ կարող են»,-ավելացնում է նա:
Ինչպես պարզվեց այսօր նաև «Վաչիան պարի համույթի հիմնադիրի՝ Նասլեթ Քեյանի ծննդյան օրն է, և երեխաները նրա համար անակնկալ էին պատրաստել։