Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը ողջունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին վերսկսել եվրոպամետ բարեփոխումները՝ ներառական, կառուցողական ձևով և 12 առաջնահերթություններին համապատասխան՝ թեկնածուի կարգավիճակի հասնելու համար»,- գրված է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության էջում։
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, այս մասին ասված է «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» և խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության մեջ։
«Մենք տեսնում ենք, որ ընդունված օրենքի նախագիծը հասարակության մեջ կարծիքների տարաձայնություններ է առաջացրել։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածին։ Օրենքի նախագծին փակցվել է «Ռուսական օրենք» կեղծ պիտակը, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվել է որպես շեղում եվրոպական կուրսից։
Բացի այդ, արմատական ուժերը կարողացել են երիտասարդության մի մասին ներքաշել անօրինական գործողությունների մեջ։ Շնորհակալություն հերոս իրավապահներին, ովքեր համբերությամբ և ամենաբարձր չափանիշներով արձագանքեցին բռնությանը։
Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք մեր երկրում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ։ Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան անհրաժեշտ է ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի ճիշտ ուղղությամբ զարգացման վրա։
Հաշվի առնելով վերը նշվածը, որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու կառավարող ուժ՝ որոշել ենք առանց վերապահումների անվերապահորեն հետ կանչել մեր պաշտպանած օրինագիծը», – ասվում է հայտարարության մեջ։