Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ մարտի 7-8-ին խորհրդարանի շենքի դիմաց ձերբակալված բոլոր ցուցարարներն այժմ ազատ են արձակվել։ Միաժամանակ հայտարարել է, որ մարտի 7-8-ը տեղի ունեցած «բռնության փաստերի» վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։

«Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների վրա հարձակման և այլ բռնի գործողությունների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ կառույցից հայտնել էին, որ բերման է ենթարկվել 133 ցուցարար։

Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսիում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրում էր:

Չնայած այն իրողությանը, որ «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր առավոտյան հայտարարեց վիճահարույց օրենսդրական փաթեթը հետ կանչելու մասին, ակտիվիստները շարունակում են ցույցերը։