Visual Capitalist-ը հրապարակել է 2023 թվականի գործազրկության մակարդակի կանխատեսումների վարկանիշն՝ ըստ երկրների։
Վրաստանը գործազրկության մակարդակի կանխատեսված զեկույցի առաջին տասնյակում է: Հրատարակության վարկանիշը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսական հեռանկարների զեկույցի տվյալների վրա:
Այս տարի՝ 2023 թվականին, ԱՄՀ-ի տվյալներով, Վրաստանում գործազրկության մակարդակը կկազմի 19,5%, որով երկիրը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ Visual Capitalist-ի գործազրկության վարկանիշում։
Ընդգծենք, որ ըստ վարչապետ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանում գործազրկությունը հասել է պատմական նվազագույնի, իսկ 2023 թվականին գործազրկության մակարդակն էլ ավելի կնվազի:
«Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ գործազրկության մակարդակը հասել է պատմական նվազագույնի: Աղքատությունը նույնպես պատմական նվազագույնի վրա է: Սա մեր երկու տարվա աշխատանքի արդյունքն է։ Վերջին տվյալներից տեսաք, որ առևտուրն աճել է բոլոր ուղղություններով։ Մենք ունենք դրական առաջընթաց, տնտեսական աճ: Հունվարին բավականին բարձր տնտեսական աճ ունեցանք: Ընդհանուր առմամբ նկատվող առաջընթացը լավատեսության հիմք է տալիս, որ այս տարի էլ կունենանք բարձր տնտեսական աճ: Սա պետք է լինի մեր հիմնական խնդիրը՝ զբաղվածության ապահովման և ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու համար: Ասեմ նաև, որ գործազրկության մակարդակը նվազել է՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ։ Քաղաքային և գյուղական վայրերում գործազրկությունն ամենուր կրճատվում է»,- նշել է վարչապետը:
Գործազրկության վարկանիշային տասնյակում է հայտնվել նաև Հայաստանը, որտեղ ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին գործազրկությունը կհասնի 15,1% տոկոսի: Վրաստանի հարևաներից Թուրքիայում գործազրկությունը կկազմի 10,5%, Ադրբեջանում՝ 5,8%, իսկ Ռուսաստանում՝ 4,3%:
Գործազրկության մակարդակն աշխարհում ամենաբարձրը կլինի Հարավային Աֆրիկայում՝ 35,6%, որին հաջորդում են Սուդանը, Ղազայի հատվածը և Վրաստանը: