Վրաստանում մեկնարկել է #StopDistribution նախագիծը: Դրա նպատակն է հակազդել կովիդ-պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանը:

«Ապատեղեկատվությունը տարածվում է վիրուսի պես: Եվ երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին կեղծ պատմություններ են պատմում, վիրուսը նույնպես տարածվում է», – ասում են Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայից, որը «Factcheck.ge» նախագծի հեղինակն է:

Factcheck.ge հարթակում մեկնարկել է #StopDistribution արշավը, որի շրջանակներում ստեղծվել է «FactChat» չաթբոթը:

Բոթի նպատակն է օգտատիրոջը տրամադրել հավաստի, ստուգված տեղեկատվություն և սովորեցնել, թե ինչպես տարբերել քարոզչական կամ կեղծ պատմությունները հավաստի տեղեկատվությունից:

Այստեղ նաև հնարավոր կլինի իմանալ պատվաստումների վերաբերյալ բոլոր օգտակար տեղեկությունները:

«FactChat»-ն ունի նաև կրթական գործառույթ՝ ժամանցային ձևաչափով, օգտագործելով տարբեր տեսալսողական նյութեր, օգտատերերը տեղեկանում են ընթացիկ քարոզչական պատմությունների և մեթոդների մասին, որոնք կիբերհանցագործները օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու նպատակով, և սովորեցնում են, թե ինչպես չլինել խաբված:

«Բնակչության մշտական օբյեկտիվ իրազեկումը մեծացնում է դիմադրողականությունը ապատեղեկատվության դեմ: Մենք ցանկանում ենք անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել այս թեմայի շուրջ հնարավորինս շատ մարդկանց, որպեսզի վրաց հասարակությունն ավելի պաշտպանված դառնա և մոլորության մեջ չընկնի այն քարոզչական հաղորդագրություններից, որոնք այդքան ակտիվորեն տարածվում են մեր ընդդիմախոսների կողմից», – հայտնում են կազմակերպությունից:

Factcheck.ge-ի թիմը նաև որոնում և ստուգում է սոցցանցերում (Facebook և Instagram) տարածված կեղծ լուրերը:

Factcheck.ge-ը հանդիսանում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ և «Facebook»-ի գործընկերն է:

«FactChat–ի միջոցով Դուք ինքներդ կարող եք դադարեցնել տարածումը: Եթե վստահ չեք, թե որքանով է հավաստի Ձեր կարդացած գրառումը, կարող եք հղումը ուղարկել բոթին: Factcheck.ge-ի թիմը կստուգի հղումը, և FactChat-ը շուտով հետադարձ կապ կհաստատի Ձեզ հետ», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: