Համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին աջակցելու խնդրագրի ներքո:

Հայտարարված նպատակը Վրաստանի ժողովրդից մեկ միլիոն ստորագրություն հավաքելն է։

Ներկայացնում ենք ամբողջական տեքստի անփոփոխ թարգմանությունը.

«Ես՝ Վրաստանի քաղաքացիս, անկախ իմ քաղաքական պատկանելությունից, աջակցում եմ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելուն և Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը։

Քանի որ Վրաստանի կառավարությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ, ես համաձայն եմ, որ արևմտամետ ընդդիմության ներկայացուցիչները իմ անունից բանակցություններ վարեն մեր արևմտյան գործընկերների հետ։ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի և, որպես հետևանք, Վրաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորագույն հարցի շուրջ»։

Ստորագրահավաքի մասին նախապես հայտարարել էին երեք ընդդիմադիր կուսակցություններ՝ «Գիրչի»-ն, «Դրոա»-ն և «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ն:

«Արշավի նպատակն է արտահայտել վրաց ժողովրդի կարծիքն այն մասին, որ Վրաստանն արժանի է լինել Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, և ոչ մի կառավարություն չի կարող վերանայել այդ նպատակը»,- հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի ղեկավար Գիորգի Վաշաձեն։

Վերջինիս խոսքով, օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու և դրանով իսկ խարանելու հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին, իշխանությունները հաստատել են, որ ցանկանում են երկիրը տանել ռուսական ճանապարհով, և դրան պետք է դիմակայել։

Սա ընդդիմության միակ նախաձեռնությունը չէ՝ ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրինագծերին, որոնք արդեն սկսել են քննարկվել խորհրդարանական հանձնաժողովներում։

«Միացյալ ազգային շարժումն» այսօր հայտարարել է, որ ստեղծում է ռուսական ազդեցության գործակալների ռեեստր, իսկ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը խորհրդարանում գրանցել է «Օկուպացված երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։

Ի պատասխան ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից քննադատության ալիքին՝ իշխանությունները նշում են, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի գաղափարը չի հակասում ժողովրդավար սկզբունքներին, այլ միտված է արտերկրից ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը։

Օտարերկրյա գործակալների մասին ապագա օրենքի երկու տարբերակներն էլ ընդդիմության, լրատվամիջոց ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ՀԿ-ների բողոքի ֆոնին այսօր հավանության արժանացան խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և Պաշտպանության հանձնաժողովների կողմից։

Ակնկալվում է, որ Իրավական հարցերի հանձնաժողովն օրինագծերը կքննարկի հաջորդ շաբաթ։

Աղբյուրը՝ «NewsGeorgia»