Վրաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:
Ողջունելով Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար և ուրախությամբ արձանագրել, որ նախագահ Սարգսյանի այցը հնարավորություն է ընձեռում քննարկել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքները կնպաստեն հայ-վրացական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանը:
«Մեր երկրները, որոնք հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, ունեն համագործակցության հսկայական ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական անխախտ բարեկամությունը մշտապես ամրապնդելու ցանկություն»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ անցած տարին մարտահրավերներով լի էր բոլորի համար. մի կողմից համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը, որն ավելի ծանր հետևանքների հանգեցրեց: Նախագահ Զուրաբիշվիլին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի զոհերի հարազատներին՝ նշելով, որ Վրաստանը և՛ հակամարտության ընթացքում, և՛ հիմա հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից:
«Բոլորս հասկանում ենք, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ողջ տարածաշրջանին, ուստի Կովկասի զարգացման համար խաղաղությունն ու անվտանգությունը այլընտրանք չունեն»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան ու բարեկամ Վրաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը, և, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ «Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դրանք եղել են մեր պատմության ընթացքում, բայց մենք կարող ենք միասին աշխատելով ստեղծել նոր հնարավորություններ: Առկա է մեծ ներուժ, որը մենք կարող ենք այսօր միասին իրացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության խորացման մեծ ներուժ: Հատկապես առանձնացվել են նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներ:
Նախագահները երկկողմ հարաբերությունների զարգացման խթանման տեսանակյունից կարևոր են համարել բիզնեսի և ներդրումների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել նման ծրագրերին:
«Պետք է քաջալերենք և նպաստենք հայ-վրացական բիզնեսի համատեղ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Հատուկ կարևորվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: